1000х90.jpg (78 KB)

Իտալիան դիտարկում է Սիրիայում դեսպանությունը վերաբացելու հնարավորությունը

Armenpress 20:12, 11 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Հռոմը դիտարկում է հնարավորությունը՝ վերականգնելու դիվանագիտական ծառայությունների գործունեությունը այն երկրներում, որտեղ դրանք ավելի վաղ փակվել են: Մասնավորապես, խոսքը Սիրիայի մասին է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Էնցո Մոավերո Միլանեզին:

«Իտալիան մտածում է կրկին բացել դեսպանատներ այնտեղ, որտեղ դրանք ֆիզիկապես փակվել են, և անել դա ամենալայն մասշտաբով: Ինչ վերաբերում է կոնկրետ սիրիական դեպքին, ապա դա ամբողջությամբ կախված է այդ երկրում իրավիճակի զարգացումից»,- հայտարարել է նախարարը: Նա ընդգծել է, որ Իտալիայի համար առաջնահերթություն է դեսպանատներ ունենալ ամբողջ աշխարհում:

Անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին՝ Իտալիայի արտգործնախարարը նշել է, որ այդ երկրում իրադրությունը հեռու է կայուն լինելուց, իսկ դիվանագիտական ներկայացուցչության լիարժեք աշխատանքի վերականգնման համար անհրաժեշտ է ավելի լուրջ կարգավորում:

2012 թվականին Սիրիայում տեղի ունեցող զարգացումների հետևանքով այդ երկրում Իտալիայի դեսպանը կանչվել էր հետ, իսկ ավելի ուշ հետ էին կանչվել իտալացի մյուս դիվանագետները ևս:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am