ՀՀ քաղաքաշինության կոմիտեում քննարկվել է Երևանի թիվ 18 հիմնական դպրոցի սեյսմիկ վերակառուցման նախագիծը

Armenpress 18:52, 11 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության կոմիտեում, Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի վերակառուցման նախագծի քննարկումը:

Հանդիպմանը ներկա էին Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը, համապատասխան վարչությունների, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, «Ինջիներինգ Էվրոս» ընկերության ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, նախագծի համատեղ քննարկումից հետո՝ «Ինջիներինգ Էվրոս» ընկերության ճարտարապետ Թագուհի Հմայակյանին ներկայացվել են առաջարկություններ և դիտողություններ. որոշ շտկումներից հետո նախագիծը մեկ անգամ ևս կներկայացվի Կոմիտեի մասնագիտական խմբի քննարկմանը և հավանության արժանանալու պարագայում կանցնի համապատասխան ընթացակարգ:

Քաղաքաշինության կոմիտեն ակտիվ մասնակցություն է ունեցել Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում սեյսմակայունության տեսանկյունից առավել խոցելիություն ունեցող 46 դպրոցների ընտրության, ինչպես նաև սեյսմակայուն նորմերի մշակման և արդիականացման գործընթացում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am