1000х90.jpg (78 KB)

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը գրողի տուն-թանգարանը այցելուներին կդիմավորի թատերական ներկայացմամբ

Armenpress 17:58, 11 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ Երևանի Հ. Թումանյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ փետրվարի 19-ից սկսած ամբողջ տարվա ընթացքում մայրաքաղաքում հետաքրքիր մշակութային ծրագրեր կիրականացվեն: 

«Դեռ 2016 թվականից պատրաստվել ենք Թումանյանի հոբելյանին և շատ հիմքային գործեր ենք արել, որոնցից է նրա ձեռագրի էլեկտրոնային տարբերակի ստեղծումը: Փետրվարի  19-ից համացանցում կարելի է գտնել Թումանյանի ձեռագրի թվայնացված տարբերակը,  «Թումանյանի տառատեսակը»: Հասարակությանը կիրազեկենք, թե ինչպես է հնարավոր այն ներբեռնել և օգտագործել կենցաղում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:

Նրա խոսքով` այժմ մշակման փուլում է գտնվում նաև տուն-թանգարանի նոր տարբերանշանը:

«Փետրվարի 19-ին հետաքրքիր միջոցառումներ են նախատեսված  ոչ միայն թանգարանի ներսում, այլև մատույցների մոտ, որտեղ նախատեսվում է հրավառություն: Մեծ իրարանցում կլինի. ուրախ, զվարճալի, պայծառ, ինչպիսին Թումանյանն էր: Այդ օրը մեր այցելուները կանցնեն բերկրանքի ուղիներով և կհասնեն թանգարան`հայտնվելով հեքիաթային աշխարհներում: Թանգարանի ներսում նրանք կհանդիպեն Թումանյանին և կպարզեն, որ գրողի ծննդյան օրը շնորհավորելու են եկել  Գրիմ եղբայրները, Հանս Քրիստիան Անդերսենը, Ալեքսանդր Պուշկինը և այլ մեծանուն գրողներ»,-ներկայացրեց տնօրենը:

Տարվա ընթացքում թանգարանի նախաձեռնությամբ անգլերեն, վրացերեն, գերմաներեն ու պարսկերեն կթարգմանվի և կհրատարակվի Թումանյանի  բոլոր ժանրերի ստեղծագործություններից բաղկացած գիրք, որը տպագրման փուլում է: Կիրականացվի նաև օլիմպիադա ոչ միայն Հայաստանի դպրոցականների, այլև Սփյուռքում ապրող երեխաների համար:

Թանգարանում կազմակերպվելու է ծաղրանկարների մրցույթ «Էս վայթե մեր Օհաննեսն է» խորագրով: Ամռանը Հայաստանի ամբողջ տարածքում կմեկնարկի «Street art» ծրագիրը, ընթացքում է նաև Թումանյանի կյանքի մասին պատմող անիմացիան: 

Թանգարանի փոխտնօրեն Անի Եղիազարյանը հայտնեց, որ պատրաստվում են իրականացնել նորաձևության շաբաթ: «Թումանյանը շատ էր կարևորում ճաշակը և այն համարում էր կյանքի բույրը: Նորաձևության ցուցահանդեսում կներկայացվեն 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբին Թիֆլիսում ապրող հայ մտավորականների հագուկապը: Այն կարող է նորաձև դառնալ նաև այսօր: Առանցքում կլինի Թումանյանի ընտանիքը, աղջիկներից Անուշը, որը բավականին պճնամոլ էր ու հետաքրքիր լուսանկարների շարք ունի»,-ընդգծեց փոխտնօրենը և հավելեց, որ  ցուցադրություններ կլինեն Թբիլիսիում և Մոսկվայում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am