Հանրապետությունում H1N1 վիրուսով պայմանավորված սահմանային վերահսկողության կարիք չկա  

Armenpress 16:06, 11 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում շրջանառվում են H1N1 վիրուսի Ա և Բ ենթատեսակները, որոնցից 99 տոկոսը գրիպի Ա ենթատեսակն է, 1 տոկոսը՝ Բ ենթատեսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

Նրա խոսքով՝ նույն պատկերը մեր հարևան երկրներում է, ինչպես նաև եվրոպական երկրներում: «Ներկա պահին մեր  հետազոտած 549 նմուշից 51-ը H1N1 էին, մնացածը այլ շնչառական վարակներ են եղել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հանրապետությունում H1N1 վիրուսով պայմանավորված սահմանային վերահսկողության կարիք չկա:

Վանյանը նշեց, որ Հայաստանն այն երկրների շարքին է պատկանում, որտեղ համարյա բոլոր ռիսկային խմբերի մոնիթորինգ է իրականացվում: «Պոլիկլինիկական դիմելիությունը այս պահին կազմում է 1251 անձ, անցյալ տարվա 967-ի փոխարեն: Ստացիոնարներում 693 հիվանդ ունենք՝ անցյալ տարվա 658 հիվանդի փոխարեն»,-նշեց Վանյանը՝ հավելելով, որ սուր շնչառական հիվանդությունների որոշակի աշխուժացում կա, սակայն  համաճարակաբանական ցուցանիշներով էական լուրջ բարձրացում չունենք:

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենն ընդգծեց, որ ուսումնական հաստատություններում  իրականացվող համաճարակաբանական ֆիլտրի արդյունքում, հունվարի 10-ի դրությամբ  432 երեխա տուն է ուղարկվել, որից 250-ը՝ մարզերից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am