Արփինե Հովհաննիսյանը հայտնել է, թե ինչով է զբաղվելու հունվարի 14-ից հետո

Armenpress 15:46, 11 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն այսուհետև իրավաբանական գործունեություն կծավալի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հովհաննիսյանն ասաց հունվարի 11-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Զբաղվելու եմ մասնագիտական գործունեությամբ: Կա հիմնադրված իրավաբանական ընկերություն, որտեղ ծավալելու ենք մասնագիտական գործունեություն: Ես տարիներ առաջ նաև փաստաբանական գործունեությամբ զբաղվելու քննություն հանձնել եմ, և լիցենզիաս չեմ վերցրել, այդ գործունեությամբ, հավանաբար, ևս կզբաղվեմ: Բացի դրանից՝ հանրային քաղաքականության մեջ մնալու ձևաչափի համար որոշ նախագծեր կան, բայց փակագծեր չեմ բացի»,- ասաց Հովհաննիսյանը:

ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակը նշեց, որ որևէ դեպքում արտագաղթել չի պատրաստվում:

Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում էր Հայաստանի Հանրապետական կուսակցության կազմից, որը չկարողացավ հաղթահարել խորհրդարան անցնելու համար սահմանված նվազագույն շեմը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am