Իրանի իշխանությունները հերքել են միջուկային գործարքից երկրի դուրս գալու մասին լուրերը

Armenpress 15:34, 11 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին հերքել Է տեղական ԶԼՄ-ներում հայտնված այն լուրերը, թե երկրի կառավարությունը պլանավորում Է առաջիկայում դուրս գալ միջուկային գործարքից, իսկ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը շուտով պաշտոնաթող Է լինելու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի պաշտոնաթողության եւ միջուկային գործարքից Թեհրանի մոտալուտ դուրս գալու վերաբերյալ միաժամանակ հայտնված նորությունները հիմքեր չունեն»,- հունվարի 11-ին նրա խոսքը մեջբերում Է Donya E Eqtesad թերթը: Նա հավելել Է, որ «նման հաղորդագրությունների նպատակը միտումնավոր ապատեղեկատվությունն Է, որը վնաս Է հասցնում երկրի ազգային շահերին»: Վարչակազմի ղեկավարի խոսքով՝ «անհրաժեշտ Է, որ զանգվածային լրատվամիջոցներն ավելի ուշադիր լինեն ու ձեռնպահ մնան կասկածելի նորություններ հրապարակելուց», որպեսզի «ամբիոն չդառնան Իրանի արտաքին ու ներքին թշնամիների համար»:

Հունվարի 9-ին իրանական մի շարք ինտերնետ-հրատարակություններում հաղորդագրություններ Էին հայտնվել այն մասին, որ Թեհրանի իշխանությունները որոշում են ընդունել դուրս գալ միջուկային գործարքից, եւ մոտ ժամանակներս պետք Է տեղի ունենա Զարիֆի պաշտոնաթողությունը: Այդ տեղեկատվությունը տարածվել Էր սոցիալական ցանցերի տեղական օգտատերերի կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am