ԱԺ աշխատակազմի ղեկավարը պատրաստվում է հեռանալ այն թիմի հետ, որի հետ եկել էր

Armenpress 15:17, 11 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը պատրաստվում է պաշտոնից հեռանալ այն  թիմի և այն ԱԺ նախագահի հետ, որի հետ եկել էր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սաղաթելյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Իմ հրաժարականի մասին լուրերը պետք է շատ հստակ ընկալել: Ես համարում եմ, որ մեր երկրում քաղաքական մշակույթը դեռ չի հասել այն մակարդակին, որ դու տարբեր թիմերի հետ մնաս աշխատակազմի ղեկավար: Մենք արել ենք ամեն ինչ, որ աշխատակազմը մնար ապաքաղաքական, իսկ դա հեշտ չէր, սուր ժամանակահատված էր: Սակայն ես համարում եմ, որ պետք է գնամ այն թիմի և այն ԱԺ նախագահի հետ, որի հետ եկել եմ»,-ասաց Սաղաթելյանը:

Նա շեշտեց՝ ինքն ԱԺ էր եկել հստակ մարդու, հստակ քաղաքական թիմի հետ: Այնուամենայնիվ, Սաղաթելյանի կարծիքով՝ իր թիմն ու աշխատակազմը ստեղծել են պատշաճ պայմաններ, որ այն մարդը, ով կնշանակվի իր տեղում, ունենա համապատասխան բազա՝ շարունակելու զարգացումը:

Սաղաթելյանն ԱԺ աշխատակազմի ղեկավար էր նշանակվել 2017 թ. մայիսին:

Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում 7-րդ գումարման խորհրդարանում ներկայացված են լինելու «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am