Եվրախորհրդարանը քննարկելու է Ադրբեջանում ձերբակալված ընդդիմադիր բլոգերի հարցը

Armenpress 13:54, 11 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանը պատրաստվում է հունվարի 17-ին քննարկել Ադրբեջանում ձերբակալված և շինծու մեղադրանքներով դատապարտված կոռուպցիոն բացահայտումներ հրապարակող ընդդիմադիր բլոգեր Մեհման Հուսեյնովի հարցը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Գերմանիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Ռեբեկա Հարմսի փոխանցմամբ՝ քննարկման արդյունքում Եվրախորհրդարանն Ադրբեջանի վերաբերյալ բանաձև է ընդունելու:

 Կոռուպցիոն բացահայտումներ իրականացնող ընդդիմադիր ակտիվիստ և բլոգեր Մեհման Հուսեյնովը դեկտեմբերի 26-ին բանտում հացադուլ է սկսել:

Հացադուլի պատճառ է հանդիսացել նրա դեմ հարուցված նոր շինծու քրեական գործը: Հուսեյնովը մեղադրվում է քննչական մեկուսարանի հսկիչներից մեկին ծեծելու մեջ, սակայն ինքը պնդում է, որ այդ մեղադրանքն ամբողջությամբ կեղծ է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am