1000х90.jpg (78 KB)

«Լուսավոր Հայաստան» խմբակցության նորընտիր պատգամավորը պատրաստվում է կոտրել կոճակ սեղմողների մասին կարծրատիպը

Armenpress 12:28, 11 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորընտիր Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը թեև չունի օրենսդիրում աշխատելու փորձ, սակայն արդեն հստակ պատկերացնում է այն ոլորտներն ու խնդիրները, որոնց վերաբերյալ առաջիկայում հանդես է գալու օրենսդրական նախաձեռնություններով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Կոստանյանը շեշտեց՝ չի լինելու պարզապես կոճակ սեղմող պատգամավոր, իր ակտիվ ելույթներով, հարցերով կոտրելու է պասիվ պատգամավորների մասին կարծրատիպը:

-Տիկին Կոստանյան, հանրությունը Ձեզ դեռ լավ ծանոթ չէ, նախ մի փոքր ներկայացրեք, թե մինչ օրենսդիրում հայտնվելն ինչո՞վ եք զբաղվել, ի՞նչ փորձ ունեք:

- Առաջին մասնագիտությամբ լեզվաբան եմ՝ անգլերեն, պարսկերեն լեզուների մասնագետ, երկրորդ մասնագիտությամբ՝ մանկավարժ: Աշխատանքային փորձ եմ ունեցել տարբեր ոլորտներում: Աշխատել եմ տուրիստական գործակալությունում, ռեստորանային բիզնեսում՝ մարքետինգի աշխատանքների կոորդինատոր, արտաքին կապերի պատասխանատու: Ի դեպ, օրենսդիրում այս ոլորտը ևս իմ ուշադրության կենտրոնում է լինելու: Այստեղ խնդիրներ կան, որոնց անպայման մոտ ապագայում անդրադարձ կատարելու եմ: Եվ ժամանցի ոլորտի ներկայացուցիչների բարձրացրած խնդիրները կփորձեմ համակարգված կերպով բերել ԱԺ:

-Նման բազմազան աշխատանքներից հետո ի՞նչը Ձեզ ստիպեց մուտք գործել քաղաքականություն:

-Քաղաքականություն մուտք գործելն ինքնանպատակ չէր: Քաղաքական առաջին քայլերը սկսել եմ անել 2013թ-ից, այնուհետև Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ, իմ և մի խումբ անձանց մասնակցությամբ 2015-ին հիմնադրեցինք «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Ըստ էության այնքան էլ նոր չեմ այս ոլորտում: Անցել եմ նաև Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց, որը քաղաքականություն մուտք գործելու առումով մեծ պաշար է տվել: Պաշար հավաքելով եմ եկել քաղաքականություն, մի օր չեմ արթնացել և որոշել, որ պետք է Ազգային ժողովում ներկայացված լինեմ: Հետագայում էլ շարունակելու եմ ինքնազարգացմամբ զբաղվել, որպեսզի լինեմ պրոֆեսիոնալ պատգամավոր:

-Հանրությունը Ձեզ օրենսդիրում մասնավորապես ի՞նչ ոլորտներում է տեսնելու, ունե՞ք արդեն նախանշած խնդիրներ, որոնք առաջիկայում բարձրաձայնելու եք ԱԺ ամբիոնից:

- Թեև մանկավարժության ոլորտում քիչ աշխատանքային փորձ ունեմ, սակայն մշտական կապի մեջ եմ եղել կրթական հաստատությունների, առհասարակ ոլորտի հետ և հստակ պատկերացում ունեմ այդ ոլորտի խնդիրների մասին: Այս տեսանկյունից բավականին շահեկան դիրքում եմ հետագայում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու առումով: Մեր ներկուսակցական պայմանավորվածության արդյունքում առաջնային պատկերացում կա, թե որ հանձնաժողովում եմ ներգրավված լինելու: Դա կլինի կրթության, գիտության, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովը: Այս մասով աշխատանքներ արդեն իսկ տարվում էին մինչ ԱԺ ընտրությունները՝ ոլորտային մասնագետների հետ հանդիպումների շրջանակում: Որոշակի քննարկումներ կան, նույնիսկ շատ մոտ ապագայում հնարավոր է հանդես գանք օրենսդրական նախաձեռնությամբ հենց այս ոլորտներին վերաբերող: Ինքս մի շարք խնդիրներ եմ տեսնում, որոնք հետագայում դառնալու են օրենքի նախագծեր: 

- Տիկին Կոստանյան, նախորդ գումարման ԱԺ-ում շատ պատգամավորներ ելույթներով գրեթե հանդես չէին գալիս, հարցեր չէին տալիս ամբիոնից, դուք ի՞նչ ակտիվություն եք ցուցաբերելու:

-Ես, բնականաբար ցուցաբերելու եմ հնարավորինս մեծ ակտիվություն։ Արդեն նշածս ոլորտների վերաբերյալ խնդիրներ եմ վեր հանելու և դրանց լուծումներ առաջարկելու: Կպատրաստվեմ թե ելույթների, թե հարց ու պատասխանի: Ամեն կերպ փորձելու եմ կոտրել նախորդ իշխանությունների ժամանակ պասիվ պատգամավորների կարծրատիպը, ովքեր ուղղակի գալիս էին նստում ԱԺ-ում ու կոճակ սեղմում: Իմ պատկերացմամբ՝ այս ԱԺ-ում դա բացառվելու է: Ինչպես գիտենք խորհրդարանը բավականին երիտասարդացել է, և այն երիտասարդները, ովքեր մուտք են գործել Ազգային ժողով, մոտիվացված են գործելու: Այն ակտիվությունը, որը ցուցաբերել են ԱԺ-ից դուրս, հիմա կլինի խորհրդարանի ներսում:

-Իշխանական ուժը՝«Իմ քայլը» դաշինքը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունի, քանակային նման տարբերության պայմաններում դժվարություններ չե՞ք տեսնում ձեր կողմից առաջարկված շատ նախաձեռնությունների անցկացման համար և ինչպե՞ս եք պատկերացնում մյուս խմբակցությունների գործընկերների հետ աշխատանքը:

-Ես համագործակցային եմ եղել մշտապես: Ցանկացած ոլորտում, որտեղ աշխատանք եմ կատարել, եղել եմ շատ կոնստրուկտիվ: Լիահույս եմ, որ այստեղ ևս մեր գործընկերների հետ համագործակցության շրջանակներում կկարողանանք վեր հանել նույնիսկ այն խնդիրները, որոնք կտեսնենք իշխանական ուժի կողմից բերված օրենքի նախագծերում, քննարկել դրանք և դրա արդյունքում ունենալ լավ որոշումներ՝ ի նպաստ մեր պետության։

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am