Նիկոլաս Մադուրոն երկրորդ անգամ ստանձնեց Վենեսուելայի նախագահի պաշտոնը

Armenpress 11:35, 11 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկոլաս Մադուրոն հունվարի 10-ին երկրորդ անգամ ստանձնել Է Վենեսուելայի նախագահի պաշտոնը: Մայիսյան նախագահական ընտրությունների հաղթողը երկիրը մինչեւ 2025 թվականը կգլխավորի ներքաղաքական բարդ իրադրության եւ ԱՄՆ-ի, Եվրամիության ու լատինամերիկյան տարածաշրջանի երկրների մեծամասնության կողմից ճնշման պայմաններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Օգտվելով Սահմանադրության դրույթից՝ Մադուրոն խուսափել Է ընդդիմադիր խորհրդարանի առջեւ ելույթից եւ երդումը տվել Է Վենեսուելայի Գերագույն դատարանում իր կողմնակիցների շրջապատում:

Պաշտոնակալումից անմիջապես հետո Մադուրոն հայտարարել Է, որ մոտ ժամանակներս կներկայացնի նոր տնտեսական միջոցառումներ, ինչպես նաեւ ասել Է, որ պատրաստ Է համաշխարհային ասպարեզում հանդիպել իր կառավարության բոլոր քննադատների հետ եւ ամբողջ ճշմարտությունը պատմել Վենեսուելայի մասին: Երդմնատվությունից հետո Մադուրոն ուղեւորվել Է Ռազմական ակադեմիա, որտեղ ընդունել Է զորահանդեսը: Այնուհետեւ հանդիսությունները շարունակվել են Միրաֆլորես նախագահական պալատում:

Վենեսուելական իշխանությունների տվյալներով՝ հանդիսավոր արարողությանը մասնակցել են 90-ից ավելի օտարերկրյա պատվիրակություններ, որոնց թվում ներկա են եղել վեց պետությունների՝ Աբխազիայի, Բոլիվիայի, Կուբայի, Նիկարագուայի, Սալվադորի եւ Հարավային Օսիայի ղեկավարները:

Մադուրոյի նոր նախագահական ժամկետը չճանաչելու մասին Լիմայի խմբի մեջ մտնող պետությունները հայտարարել Էին դեռ անցած շաբաթ: Համապատասխան փաստաթուղթն ստորագրել Էին Արգենտինայի, Բրազիլիայի, Գայանայի, Գվատեմալայի, Հոնդուրասի, Կանադայի, Կոլումբիայի, Կոստա Ռիկայի, Պանամայի, Պարագվայի, Պերուի, Սենտ-Լյուիսի եւ Չիլիի ներկայացուցիչները: Նրանք կոչ Էին արել Մադուրոյին՝ չստանձնել նախագահի պաշտոնը եւ գործադիր իշխանությունը հանձնել Ազգային ժողովին:

Պաշտոնակալման արարողությունից անմիջապես հետո Պարագվայը հայտարարել Է Կարակասի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին, Պերուի իշխանությունները որոշում են ընդունել կոնսուլտացիաների համար հետ կանչել իրենց ժամանակավոր հավատարմատարին, Արգենտինան երկիր Վենեսուելայի բարձրաստիճան պաշտոնատարների մուտքի արգելք Է սահմանել, իսկ Ամերիկյան պետությունների կազմակերպության Մշտական խորհուրդը որոշել Է չճանաչել Մադուրոյի ռեժիմի նոր ժամկետի օրինականությունը:

ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել Է, որ Եվրամիությունն ափսոսանք Է հայտնում Մադուրոյի պաշտոնակալման կապակցությամբ: Իր հերթին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն ընդգծել Է, որ Վաշինգտոնը կշարունակի պատժամիջոցներ սահմանել Վենեսուելայի կառավարության այն անդամների ու նրանց ընտանիքների նկատմամբ, որոնք, ամերիկյան վարչակազմի վարկածով, մեղսակից են մարդու իրավունքների խախտումներին, կոռուպցիային եւ ժողովրդավարության խարխլմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am