Մեկնարկում է Ավստրալիայի բաց առաջնությունը. Ֆեդերերը գիտի մրցակցին  

Armenpress 14:48, 10 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալական Մելբուռն քաղաքում մեկնարկեց «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության վիճակահանությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի առաջին մրցակիցը հայտնի կլինի որակավորման փուլի ավարտից հետո: Ռաֆայել Նադալի առաջին հակառակորդը Ջեյմս Դակվորտն է: 

Մրցաշարի գործող չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը առաջին շրջանում կփորձի գերազանցել ուզբեկստանցի մարզիկ Դենիս Իստոմինին: Հայկական արմատներ ունեցող Կարեն Խաչանովի մրցակիցը գերմանացի Պետեր Գյովչիկն է:

Ավստրալիայի բաց առաջնությունը թենիսի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից հերթականն է, որն անցկացվում է Մելբուռն քաղաքի համանուն այգու կորտերում: Մրցաշարն անցկացվում է արդեն 107-րդ անգամ: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանց պայքարում` Կարոլին Վոզնյացկին:

Այժմ ընթացում է մրցաշարի որակավորման փուլը, իսկ 1-ին շրջանի մեկնարկը կտրվի հունվարի 14-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am