1000х90.jpg (78 KB)

Քաշաթաղի հարավային թևում խոշոր ներդրումային ծրագիր կիրականացվի

Armenpress 13:58, 10 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաշաթաղի հարավային թևում նոր խոշոր ներդրումային ծրագիր կիրականացվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ, այս տարի Քաշաթաղի շրջանի հարավային թևի՝ վերջին տարիներին մեր ամենածաղկող համայնքներից մեկում՝ Իշխանաձորում, ծխախոտի մթերման համար չորանոցներ կկառուցվեն: Մի քանի միլիոն ԱՄՆ դոլարի հասնող ներդրումային այս ծրագրի շուրջ համաձայնությունն օրեր առաջ ձեռք ենք բերել «Գրանդ հոլդինգ» ընկերության սեփականատեր Միքայել Վարդանյանի հետ կայացած հանդիպման ընթացքում:

Կարծում եմ՝ Քաշաթաղի հարավային թևում, որտեղ առկա են մեծաքանակ բերրի հողատարածքներ, ոռոգման ջուր և բարենպաստ կլիմայական պայմաններ, ծխախոտագործությունը մեծ հեռանկարներ ունի: Իսկ տարեցտարի բնակչության բնական և մեխանիկական աճ գրանցող համայնքի համար բնական է, որ նոր աշխատատեղերի, լրացուցիչ եկամուտներ ապահովող հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությունը շատ մեծ է: Ի դեպ, արևադարձային տարբեր կուլտուրաների աճեցման հաջող փորձ ունեցող իշխանաձորցիների և տարածաշրջանի բնակչության համար մշակաբույսը նոր է, բայց, համոզված եմ, որ ճյուղն ավելի քան եկամտաբեր է լինելու:

Ծրագիրը կյանքի կոչելու և այդ կարևոր ներդրումն անելու համար իմ երախտագիտությունն եմ հայտնում Միքայել Վարդանյանին և Վարդանյան ընտանիքին: Շնորհիվ Վարդանյանների ունեցած պատրաստակամ վերաբերմունքի և, իհարկե, մեծ հայրենասիրության՝ այսօր Արցախում ունենք ներդրումային և բարեգործական բազմաթիվ իրականացված նախագծեր: Կարծում եմ՝ բավարար է նշել միայն ծխախոտագործությամբ զբաղվող մի քանի տասնյակ կայացած տնտեսությունների, ստեղծված հարյուրավոր աշխատատեղերի, ինչպես նաև Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի կառուցման գործում նրանց ունեցած մեծ ավանդի մասին»,- գրել է Հարությունյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am