1000х90.jpg (78 KB)

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ  գրավի կիրառման միջնորդությունը միջանկյալ միջոց է. պաշտպան

Armenpress 14:03, 9 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը գտնում է, որ իրենց պաշտպանյալը կալանքի տակ ընդհանրապես պիտի չգտնվի: Գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը միջանկյալ միջոց է մինչև մնացած հարցերի Վճռաբեկ դատարանում լուծում ստանալը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

«Մենք ընդհանրապես գտնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանքի տակ չգտնվեր, բայց քանի որ դիմել ենք Վճռաբեկ դատարան այդ հարցով, և դեռ պարզ չէ , թե Վճռաբեկ դատարանն երբ լուծում կտա այդ հարցին,  դա միջանկյալ միջոց է մեր կողմից: Մենք  դիմեցինք առաջին ատյանի դատարան, որ առայժմ գրավ կիրառվի՝ մինչև մնացած հարցերը Վճռաբեկ դատարանում իրենց լուծումը կստանան»,- ասաց Ալումյանը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով ազատ արձակմամբ փոխարինելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը: Գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են դեկտեմբերի 26-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am