Հայաստանը իրոք կարո՛ղ է դառնալ երկրագնդի ամենապայծառ կետերից մեկը. ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձը

Armenpress 20:57, 31 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուղերձում ասված է.

«Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,Աշխարհասփյուռ սիրելի՛ հայրենակիցներ,Պատմություն դարձող 2018 թվականը մեծ փոփոխությունների, փորձությունների, սպասումների և հույսերի տարի էր: Մենք ականատես եղանք մեր ժողովրդի լավագույն հատկանիշների՝ միասնականության, համախմբվածության, բարձր բարոյական և քաղաքացիական ոգու դրսևորումների:Շուտով ունենալու ենք նոր խորհրդարան և նոր կառավարություն:Նրանց գործունեության հաջողությունը մեծապես կախված է լինելու Հայաստանի քաղաքացուց: Քաղաքացու աջակցությունից և հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին նրա ակտիվ մասնակցությունից:Հայաստանը իրոք կարո՛ղ է դառնալ երկրագնդի ամենապայծառ կետերից մեկը նորարարական գաղափարների կիրառման, մշակույթի, գիտության, տնտեսության և այլ ոլորտներում:Սակայն այդ ուղին հեշտ չի լինելու:Կլինեն նաև դժվարություններ, հաճախ պայմանավորված մեզնից անկախ գործոններով, այդ թվում՝ աշխարհաքաղաքական իրողություններով:Եվ ես բոլորիս մաղթում եմ սթափություն, կազմակերպվածություն, առողջ դատողություն, պատասխանատվություն և հանդուրժողականություն:Սրանք են հաջողության հասնելու բանալիները:Հայաստանի ու Արցախի անվտանգությունը և ինքնիշխանությունը, Արցախի հիմնահարցի արդարացի լուծումը շարունակելու են գերակա լինել մեր կյանքում:Մենք ապրում ենք այն խորին գիտակցումով, որ, անկախ մեր ծննդյան վայրից, ունենք մեկ Հայրենիք:Այդ Հայրենիքը մենք պետք է ծաղկեցնենք համատեղ ուժերով՝ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի միասնական ջանքերով:Մենք պետք է հոգ տանենք ազգային ինքնության հիմնասյուների՝ մեր մշակույթի, կրթության, հոգևոր և ընտանեկան արժեքների մասին:Այս գործում առանցքային դեր է կատարում մեր Սուրբ Եկեղեցին:Պետք է ավելի հոգատար լինենք մեր պատմական և ազգային ժառանգության, մեր բնության, գյուղի, քաղաքի և ընդհանրապես մեր երկրի նկատմամբ:Սիրելի՛ հայրենակիցներ,Այս պահին հոգով և մտքով բոլորիդ հետ եմ, բոլորիդ կողքին՝սահմանում կանգնած զինվորի և սպայի, շտապ օգնության մեքենայում և հիվանդանոցում հերթապահող բժշկի, ծառայություն իրականացնող ոստիկանի,հրշեջի, հացթուխի և տաքսու վարորդի, գյուղացու և բանվորի, գիտնականի, արվեստագետի և մյուսների:Հատկապես մտահոգված եմ դժվար ապրող ընտանիքների համար:Նրա՛նց, որ դեռ տուն չունեն, նրա՛նց, որ ապրում են սահմանամերձ բնակավայրերում:Մտահոգ եմ վիրավորների, հիվանդների համար:Մաղթում եմ հոգսերի թեթևացում:Թող գալիք տարում ձեզնից յուրաքանչյուրի առջև բացվեն հաջողության դռները:Թո՛ղ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի զգա փոփոխությունների դրական շունչը:Մեզ բոլորիս պետք է առաջնորդի հետևյալ նշանաբանը. «Կարողացել են ուրիշները՝ կարող ենք նաև մենք, չի կարողացել ոչ ոքաշխարհում՝ մենք կլինենք առաջինը»: Մեր հայրենիքին մաղթում եմ խաղաղություն, մեր ընտանիքներին՝ առողջություն, հաջողություն, բարեկեցություն ու երջանկություն, մանուկներին՝ ծիծաղ ու խինդ, տարեցներին՝ արժանապատիվ հանգիստ:Թող գալիք տարում ձեզնից յուրաքանչյուրը, ձեր հարազատները, ընտանիքները, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, աշխարհի յուրաքանչյուր հայ կարողանա երազել և իրականացնել իր երազանքները:Շնորհավոր Նոր տարի»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am