1000х90.jpg (78 KB)

Աշոտ Ղուլյանը ներկայացրել է ԱՀ խորհրդարանի գալիք տարվա գործունեության հիմնական ուղղությունները

Armenpress 18:50, 28 Դեկտեմբեր, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի տարեվերջի մամուլի ասուլիսը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից,  խորհրդարանի նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով, նշելով, որ նոր «ԱԺ Կանոնակարգ» օրենքը չի նախատեսում խորհրդարանի նախագահի տարեկան հաղորդում խորհրդարանի գործունեության վերաբերյալ, ուստի՝ մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպումը հնարավորություն է՝ ամփոփելու օրենսդիր մարմնի աշխատանքները հանրության առավել լայն շրջանակների համար:

Ներկայացնելով անցնող տարում Ազգային ժողովի գործունեությունը թվային ցուցանիշներով՝ ԱԺ նախագահը անդրադարձել է շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերին և ընդունված օրենքներին՝ ըստ հանձնաժողովների, Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահված այլ լիազորությունների իրականացմանը, մասնավորապես՝ օրենսդիրի կողմից դատավորների և պետական կառավարման այլ մարմինների պաշտոնատար անձանց նշանակումներին, ԱԺ այցելած պատվիրակությունների աշխարհագրությանը և այլ ընթացիկ տեղեկությունների:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ խորհրդարանի նախագահն անդրադարձել է հանրային լայն հետաքրքրություն ներկայացնող թեմաների՝ ՀՀ նորընտիր խորհրդարանի հետ հարաբերությունների հեռանկարներին, նոր քաղաքական ուժերի ձևավորմանը, Արցախում 2020թ. կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին, ներքաղաքական կյանքում տեղի ունեցող փոփոխություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ զարգացումներին, ԱՀ կողմից միջազգային կոնվենցիաների վավերացման գործընթացի շարունակականությանը, Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված քայլերին:

Աշոտ Ղուլյանը մատնանշել է գալիք տարում Ազգային ժողովի գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև խոսել համազգային օրակարգի թարմացման ու միջազգային հարթակներում Արցախի վարկանիշի բարձրացման համար անհրաժեշտ քայլերի մասին:

Ասուլիսի ավարտին խորհրդարանի նախագահը շնորհավորել է լրագրողներին գալիք Ամանորի ու Սուրբ Ծննդյան առթիվ՝ մաղթելով հաջողություններ անձնական կյանքում և աշխատանքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am