1000х90.jpg (78 KB)

Մերձավոր Արևելքը 2019-ին ընդառաջ

Armenpress 15:46, 28 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող տարին  բավական կարևոր և տարաբնույթ գործընթացներով հագեցած տարի էր մոլորակի ամենաթեժ և անկանխատեսելի տարածաշրջանի՝ Մերձավոր Արևելքի (ՄԱ) համար։ Ընդ որում, ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական հարթություններում ուշագրավ զարգացումներ են տեղ գտել տարածաշրջանի գրեթե բոլոր ակտիվ հիմնախնդիրների շրջանակներում՝ հանգեցնելով դրանց ընթացքի որակապես նոր իրավիճակային փոփոխությունների, որոնք այլ դրսևորումներով ու հեռանկարով շարունակվելու են, անշուշտ, արդեն եկող տարում։ Մինչդեռ 2018-ի ամենակարևոր տարբերությունն անցյալ 6-7 տարիների համեմատ մարդկային կորուստների էականորեն նվազումն է, առանձին թեժ կետերում հումանիտար իրավիճակի աստիճանական բարելավումը, փախստականների ոչ մեծ, բայց կայուն վերադարձի միտումները նախկին բնակության վայրեր։ Գնահատելով տարեվերջյան իրողությունները և կանխատեսվող բավական ուշագրավ զարգացումները՝ կարելի է հավաստել, որ 2019-ը ՄԱ-ի համար պակաս կարևոր չի լինելու․ առանցքային գործընթացներ են սպասվում հատկապես մի քանի հիմնախնդիրների ուղղությամբ։

Իսրայելա-պաղեստինյան հակամարտություն

2018թ․-ը բավական լարված էր հատկապես տարածաշրջանի ամենատևական և խրթին հիմնախնդրի՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության համար։ Տարին սկսվեց կողմերի միջև լարվածության կտրուկ աճով՝ պայմանավորված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ 2017թ. դեկտեմբերի 6-ին Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից այնտեղ տեղափոխելու վերաբերյալ որոշման հրապարակումից հետո։ Վաշինգտոնի նշված քայլից հետո տևական ժամանակ տարբեր լարվածության բողոքի գործողություններ են տեղի ունեցել ոչ միայն բուն Իսրայելում և նրա սահմաններին, այլև բազմաթիվ երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունների դիմաց։ Այս հիմնախնդրի շրջանակում լարվածությունը առավել լայն մասշտաբներ է ընդգրկել հատկապես մարտի վերջին՝ պաղեստինցիների կողմից իրականացվող ամենամյա «վերադարձի երթից» հետո ուրբաթօրյա բողոքի գործողությունների տեսքով, որոնք շարունակվում են ցայժմ։ Մինչդեռ դրանք առավել լայն թափ են ստացել հատկապես մայիս-հունիս ամիսներին՝ կապված Իսրայել պետության հիմնադրման 70-ամյա միջոցառումների և հատկապես ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու իրողության հետ։ Հակամարտությունն իր գագաթնակետին է հասել նոյեմբերի առաջին կեսին, երբ հատկապես Գազայի հատվածին սահմանամերձ շրջանում կողմերի միջև գրանցված ընդհարումները, փոխհրթիռակոծումն աննախադեպ էր 2014թ. ամռանը շրջանում Հրեական պետության կողմից նախաձեռնված «Անխորտակելի ժայռ» կոդային անվանումը ստացած ռազմական գործողությունից հետո։ Հատկապես Եգիպտոսի ջանքերով ձեռք բերված հրադադարը, իսրայելական կողմի ոչ համաչափ պատասխանի համատեքստում լուրջ դժգոհությունների պատճառ դարձավ Իսրայելում՝ հանգեցնելով ներքաղաքական ճգնաժամի։

Ստեղծված իրավիճակի պատճառով, նաև ԱՄՆ-ի՝ որպես անաչառ միջնորդի էականորեն սասանված հեղինակության պայմաններում հետաձգվեց հիմնախնդրի կարգավորմանը միտված և «դարի գործարք» գնահատականը ստացած Թրամփի ծրագրի ներկայացումը, որի հրապարակումը, ըստ որոշ հայտարարությունների, կարող է տեղի ունենալ 2019թ. հունվար-փետրվարին։ Առկա բավական կցկտուր տեղեկատվության համաձայն՝ փաստաթուղթն իրենից ներկայացնում է համընդհանուր, հատկապես համաարաբական ջանքերով հիմնախնդրի կարգավորման ճանապարհային քարտեզ, որի շուրջ զարգացումները կարող են գերակա լինել այս հակամարտության հետ կապված առաջիկա գործընթացներում։

Նույն հիմնախնդրի հետ կապված այլ կարևոր գործընթաց է Պաղեստինյան ինքնավարությունում շուրջ 13 տարի ընդմիջումից հետո նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությունը, որի մասին արդեն հայտարարվել է ՊԻ ղեկավար Մահմուդ Աբասի կողմից հնարավոր ընտրական գործընթացը կարող է նոր լարվածության պատճառ դառնալ արդեն ներպաղեստինյան հարթությունում։

 Ի դեպ, 2019թ. ապրիլին արտահերթ ընտրություններ տեղի կունենան նաև Իսրայելում։

Սիրիական հակամարտություն

Ավարտվող տարին հարուստ էր բազմաբնույթ իրադարձություններով նաև մերօրյա աշխարհի ամենախրթին հիմնախնդրի՝ սիրիական թնջուկի հետ կապված։ Հունվարի 20-ից մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում թուրքական ԶՈւ-ն և սիրիական ընդդիմադիր մի շարք տարաբնույթ խմբավորումներ «Ձիթենու ճյուղ» կոդային անվանումը ստացած ռազմական գործողության շրջանակում վերահսկողություն հաստատեցին Սիրիայի հյուսիսային քրդաբնակ Աֆրին շրջանի նկատմամբ։ Այս գործողությունը լուրջ լարվածության պատճառ դարձավ ինչպես Անկարա-Դամասկոս, այնպես էլ Անկարա-Վաշինգտոն հարաբերություններում․ ի դեպ, հատկապես վերջին հարթությունում կողմերի միջև սկզբունքային տարաձայնությունները ողջ տարվա ընթացքում տարբեր դրսևորումներով շարունակվել են հիմնականում քրդական կառույցների և նրանց կողմից մասնակիորեն վերահսկվող սիրիական Մանբիջ շրջանի կարգավիճակի հետ կապված։ Սիրիական հակամարտության շրջանակում լարվածության նոր շրջափուլ սկսվեց ապրիլի առաջին կեսին, երբ տեղեկատվություն տարածվեց Դամասկոսի Դումա շրջանում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ, որին հաջորդեցին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի պատժիչ գործողությունները սիրիական կառավարական ուժերի դեմ։

Այդուհանդերձ, ավարտվող տարին Սիրիայում առավելապես աչքի ընկավ «Աստանայի ձևաչափի» շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն ավելի վաղ ձևավորված «դե-էսկալացիոն գոտիների» մեծ մասի նկատմամբ կառավարական ուժերի կողմից աստիճանական վերահսկողության վերականգնման գործընթացով։ Մինչև սեպտեմբեր ամիսը սիրիական բանակին և դաշնակից  տարաբնույթ կառույցներին հաջողվեց վերականգնել ամբողջական վերահսկողությունը Դամասկոս նահանգում, Հորդանանի, Իսրայելի, մասամբ նաև Իրաքի հետ սահմանային գոտիներում, որոնցում տեղակայված ընդդիմադիր խմբավորումների զինյալների մի մասը, իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, վայր դրեց զենքը, իսկ առավել անզիջում հատվածը տեղափոխվեց երկրի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգ, որը փաստացի միակ շրջանն է, որը գրեթե ամբողջությամբ մնում է տարաբնույթ խմբավորումների ազդեցության ներքո։ Իդլիբի խնդիրն ամենաառարկայականն էր սեպտեմբերին նախ Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի, ապա վերջին երկու երկրների առաջնորդների բանակցություններում։ Հատկապես Պուտին-Էրդողան քննարկումների արդյունքում ձեռք բերված փոխհամաձայնության շնորհիվ՝ հնարավոր եղավ խուսափել շրջանում ռազմական լարումից, մինչդեռ Իդլիբի ճանապարհային քարտեզը ցայժմ չի հաջողվել լիովին իրացնել՝ պայմանավորված Անկարայի ստանձնած պարտավորությունների թերկատարման հանգամանքով այս շրջանի ճակատագիրը մեծ հավանականությամբ կորոշվի արդեն 2019-ին։

Օրեր առաջ Միացյալ Նահանգների կողմից Սիրիայից դուրս գալու որոշման հրապարակումից հետո կանխատեսելի ապագայում կարևոր զարգացումներ են սպասվում նաև կառավարական ուժերի կողմից չվերահսկվող մյուս կարևոր հյուսիսային գոտու՝ քրդաբնակ շրջանների ճակատագրի մասով։ Ստեղծված իրավիճակը կարող է հավելյալ լարվածության պատճառ դառնալ ինչպես շրջանի նկատմամբ հավակնություններ ունեցող Թուրքիայի և սիրիական իշխանությունների, այնպես էլ Անկարա-Մոսկվա և Անկարա-Թեհրան հարաբերություններում։

Սիրիական հակամարտության շրջանակներում արձանագրված կարևոր իրողություններից է նաև Իսրայելի ակտիվ միջամտությունը և զսպիչ գործողությունները հատկապես Իրանի ազդեցության դեմ այս տեսանկյունից 2018թ. ամենաբարդն ու վտանգավորն էր հակամարտության ողջ ընթացքում։ Իսրայելի գործողությունների պատճառով ռուսական հետախուզական օդանավի խոցման պատճառով սեպտեմբերից էականորեն լարվել են հարաբերությունները Մոսկվայի և Թել Ավիվի միջև, որոնք նոր դրսևորումներ ստացան դեկտեմբերի 25-ին իսրայելական օդուժի կողմից Դամասկոսում իրականացված նոր ռազմական գործողության հետևանքով։

Հիմնախնդրի քաղաքական կարգավորման հարթությունում «Աստանայի ձևաչափի» գործընկերների կողմից ակտիվ ջանքեր են գործադրվում սահմանադրական հանձնաժողով ձևավորելու նպատակով, որը նախապատրաստելու է քաղաքական անցման գործընթացը հետճգնաժամային Սիրիայում։ Այս ուղղությամբ աշխատանքները նոր թափ են ստանալու հատկապես 2019թ. հունվար-փետրվար ամիներին։

Ինչ վերաբերում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը, ապա դրա տարբեր խմբավորումները դեռևս գործում են հատկապես սիրիա-իրաքյան սահմանին՝ ցուցաբերելով պարբերական ակտիվություն ինչպես ԱՄՆ-ի հովանավորությամբ ձևավորված «Սիրիական դեմոկրատական ուժերի», այնպես էլ կառավարական ուժերի դիրքերի նկատմամբ։ Սիրիայից ԱՄՆ-ի դուրս գալու հետևանքով ձևավորվելիք նոր իրավիճակում չի բացառվում ինչպես նշված, այնպես էլ ահաբեկչական այլ կառույցների հնարավոր ակտիվացումը Սիրիայի տարածքում։

Իրանական հիմնախնդիր

2018թ.-ը բավական բարդ և հագեցած տարի էր Իրանում և այդ երկրի դեմ ծրագրվող գործողությունների առումով։ Ավարտվող տարին Իսլամական հանրապետությունում սկսվեց հիմնականում սոցիալ-տնտեսական հիմքեր ունեցող բողոքի գործողություններով(որոշակիորեն հրահրված նաև արտաքին ուժերի կողմից), որոնք տարբեր մասշտաբներով պարբերաբար շարունակվել են ինչպես մայրաքաղաք Թեհրանում, այնպես էլ միաժամանակ երկրի մի շարք այլ բնակավայրերում։ Սոցիալ-տնտեսական դրությունն ավելի է սրվել հատկապես տարվա երկրորդ կեսին, էականորեն արժեզրկվել է իրանական ազգային արժույթը։

Բարդ է եղել նաև անվտանգային և քաղաքական իրավիճակը։ Ահաբեկչական հարձակումներ են իրականացվել մի քանի քաղաքներում, որոնցից առավել աղետաբերը Խուզիստան նահանգի Ահվազ քաղաքում անցկացված զորահանդեսին տեղ գտած գործողությունն էր, ինչի հետևանքով զոհվել է 29, վիրավորվել ավելի քան 60 քաղաքացի բռնարարքի պատասխանատվությունը ստանձնել են միաժամանակ մի քանի ահաբեկչական խմբավորումներ, այդ թվում՝ «Իսլամական պետությունը»։

Իրանում ստեղծված խրթին իրավիճակը լուրջ մարտահրավերներ է ստեղծել երկրի ղեկավարության համար, որի հետևանքով նախագահ Հասան Ռոհանին պարզաբանումներ է տվել օգոստոսի 28-ին Մեջլիսում հրավիրված հատուկ լիագումար նիստի ընթացքում․ նույն խնդիրների ազդեցությամբ որոշ փոփոխություններ են տեղ գտել կառավարության հատկապես ֆինանսատնտեսական բլոկում։

Մինչդեռ Իրանի հետ կապված ամենաառանցքային զարգացումները կապված են ԱՄՆ-ի գործող վարչակազմի նոր քաղաքականության և գործելաոճի հետ։ Մայիսի 8-ին նախագահ Թրամփը հայտարարեց Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու և նախկին պատժամիջոցային ռեժիմին վերադառնալու մասին․ 2 փուլով՝ նախ օգոստոսի, ապա նոյեմբերի սկզբին ուժի մեջ մտան Թեհրանի դեմ քաղաքական, ռազմական և տնտեսական պատժամիջոցների փաթեթները, որոնք էական ազդեցություն ունեցան հատկապես ԻԻՀ սոցիալ տնտեսական իրավիճակի վրա։ Մինչդեռ ԱՄՆ-ի և նրա տարածաշրջանային դաշնակիցների կողմից ծրագրված «հակաիրանական դավադրությունը» որակապես նոր փուլ պետք է մտներ նոյեմբերին նախանշված տարածաշրջանային ռազմական դաշինքի ձևավորմամբ, որը, սակայն, ձախողվեց նախ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության տարածքում սաուդցի այլախոհ Ջամալ Խաշոկջիի աղմկահարույց սպանության միջադեպի, ինչպես նաև նոյեմբերին Գազայի հատվածում հերթական լարվածության հետևանքով։ Ներկայում Միացյալ Նահանգների իշխանություններն ակտիվ ջանքեր են գործադրում հնարավոր դաշնակիցների միջև լարվածությունը հարթելու և արդեն կանխատեսելի ապագայում առավել առարկայական քայլեր իրականացնելու նպատակով։

Այլ գործընթացներ

2018թ․ ՄԱ-ում աչքի է ընկել նաև ակտիվ ընտրական գործընթացներով։ «Արաբական գարնան» հետևանքով տարածաշրջանին պատուհասած աղետալի իրադարձությունների ազդեցությամբ տևական ընդմիջումից հետո՝ մայիս ամսին, խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել նախ Լիբանանում, ապա՝ Իրաքում։ Բարդագույն ներքաղաքական խմորումներից հետո ի վերջո միայն հոկտեմբերի վերջին Իրաքում հաջողվեց ձևավորել նոր կառավարություն, իսկ Լիբանանում այդ գործընթացը նույն պատճառներով դեռևս ձգձգվում է։

Իսկ հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկիրն անցում կատարեց կառավարման նոր՝ նախագահական մոդելի։ Ընտրապայքարում Ռեջեփ Թայիփ Էրդողանի վստահ հաղթանակից հետո Անկարան, չնայած ներքաղաքական, անվտանգային, սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներին, այնուամենայնիվ, բավական ինքնավստահ և հավակնոտ գործելաոճ է որդեգրել արտաքին քաղաքական ուղեգծում։

Ներքին հակամարտային իրավիճակը տարբեր դրսևորումներով պահպանվել և շարունակվելու է Եմենում, Լիբիայում։ Իսկ Հորդանանում, անգամ կառավարության փոփոխությունից հետո չեն դադարում հակակառավարական բողոքի գործողությունները։

Վերոգրյալի համատեքստում, հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տարածաշրջանային գործընթացների անկանխատեսելիության բավական բարձր աստիճանը, բնականաբար որևէ կերպ չի կարելի բացառել զարգացումների և հակամարտությունների նոր սրացումներ, որոնց հավանական սցենարները չեն ամփոփվել սույն վերլուծության շրջանակում։

 

Արմեն Պետրոսյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am