1000х90.jpg (78 KB)

#ԿինոՇաբթի. «Գրինչը» և ևս 2 նոր ֆիլմ կհայտնվի հայկական կինովարձույթում

Armenpress 21:00, 27 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ,  27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր #ԿինոՇաբթի է: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ամեն հինգշաբթի ընթերցողին պատմել տվյալ շաբաթվա կինոպրեմիերաների մասին: Դեկտեմբերի 27-ից երևանյան կինոթատրոններում հնարավոր կլինի դիտել 3 նոր ֆիլմ:

«Գրինչ»

Բոլորը նախապատրաստվում են տարեմուտի հսկայական միջոցառմանն ու անընդհատ աղմկում են։ Գրինչն էլ իր մութ քարանձավում ցանկանում է հեռու մնալ բոլորից։ Եվ այդ նախատոնական մթնոլորտում նրան բոլորը խանգարում են։ Ինչպե՞ս չզայրանաս ու կատաղությունից չկանաչես։ Գրինչը որոշում է գողանալ Սուրբ ծնունդը։

Ռեժիսոր՝ Յարոու Չեյնի, Սքոթ Մոուժեր, դերերում՝ Բենեդիկտ Քամբերբաչ, Քեմերոն Սիլի, Ֆարել Ուիլյամս և այլք:

«Վերջին տոնածառերը»

 «Վերջին Տոնածառերը» բաղկացած է 5 Ամանորյա պատմություններից: Պատմություններից մեկի հերոսը կօգնի իր խորթ հորն առաջարկություն անել սիրելիին: Մյուսի հերոսները՝ երկու ընկերները, ստիպված կլինեն բաժանվել, քանի որ նրանցից մեկը տեղափոխվում է Յակուտսկ: Մեկ այլ պատմության հերոսներն ամբողջ քաղաքով կփնտրեն գեղեցիկ ժպիտ ունեցող մի աղջկա:

Ֆիլմի հերոսներն այս պատմություններով կփորձեն մի քիչ բարություն, հոգատարություն ու տոնական տրամադրություն հաղորդել հանդիսատեսին։

Ռեժիսոր՝ Տիմուր Բեկմամբետով, Եգոր Բարանով, Աննա Պարմաս, Ալեքսանդր Կոտտ, դերերում՝ Իվան Ուրգանտ, Սերգեյ Սվետլակով, Դմիտրի Նագիև և այլք:

«Երեք դյուցազունները և գահի ժառանգորդուհին»

Կիևի իշխանը որոշում է գահը փոխանցել ժառանգորդին, սակայն ո՞վ կարող է դառնալ գահաժառանգ: Իշխանի որևէ ազգակա՞նը, ընտանիքի ընկե՞րը, թե՞ ինչ-որ արքայադուստրը: Կարճ ժամանակ երկմտելուց հետո իշխանն այդ դերի համար ընտրում է իր զարմուհուն՝ Զաբավային: Երեք դյուցազուններն ուղևորվում են հեռավոր երկրներ՝ գահի ժառանգորդուհուն հայրենիք բերելու համար:

Ռեժիսոր՝ Կոնստանտին Բրոնզիտ, դերերում՝ Միխայիլ Չերնյակ, Սերգեյ Մակովեցկիյ, Վալերի Սոլովյով և այլք:

Տեղեկացնենք, որ #ԿինոՇաբթի նախագիծը պատրաստվել է «Մոսկվա», «Սինեմա Սթար», «Կինոպարկ» կինոթատրոնների տրամադրած տվյալներով:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am