1000х90.jpg (78 KB)

Մարիխուանայի օրինականացումից մինչև առաջին կին նախագահ. Վրաստանի ներքաղաքական կյանքը 2018թ.-ին

Armenpress 13:19, 27 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականի ընթացքում Վրաստանում քաղաքական տարբեր ուժերի և հանրության ուշադրության կենտրոնում էին երկրում տեղի ունեցող մի շարք ներքաղաքական գործընթացներ և դրանց արդյունքում կատարվող վերադասավորումները։

Տարվա ընթացքում Վրաստանում տեղի ունեցան մի շարք բազմամարդ ակցիաներ, որոնց նախնական պահանջները վերաճում էին իշխանությունների հրաժարականի պահանջի։ Ակցիաներից կարելի է առանձնացնել, օրինակ, «Սպիտակ աղմուկ» շարժումը՝ Թբիլիսիի գիշերային ակումբներում ոստիկանության գործողությունների դեմ: Բազմամարդ բողոքի ակցիաներ տեղի ունեցան նաև մայրաքաղաքի կենտրոնում երկու անչափահասների սպանության աղմկահարույց գործի վերաբերյալ։ Պատճառը, ըստ ցուցարարների, կողմնակալ դատավճիռն էր: Ցույցերի առաջին օրերին հրաժարական տվեց գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն։ Սակայն ցուցարարները պահանջում էին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրաժարականը, ով 2 օր անց նույնպես հրաժարական տվեց։ Որպես հրաժարականի պատճառ Կվիրիկաշվիլին նշել է կուսակցության  նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետ ունեցած տարաձայնությունները: Իշխող կուսակցությունը Վրաստանի վարչապետի պաշտոնի համար առաջադրեց ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեի թեկնածությունը, ով դարձավ «Վրացական երազանքի» 6-ամյա կառավարման 4-րդ վարչապետը: Նշենք, որ Մ. Բախտաձեն վրացական հանրության շրջանում ասոցացվում է Բիձինա Իվանիշվիլիի հետ, քանի որ նրա ընտանիքի մտերիմ ընկերն է: Վարչապետի թեկնածուի պաշտոնում առաջին մամուլի ասուլիսի ժամանակ Բախտաձեն հայտարարել է, որ մտադիր է ավարտին հասցնել «իր ժողովրդի պատմական ընտրությունը»՝ նկատի ունենալով եվրատլանտյան դաշինքին Վրաստանի լիարժեք ինտեգրացիան: Որպես իր գործունեության գերակայություն՝ ընդգծել է նաև «փոքր և արդյունավետ կառավարություն» ունենալու խնդրի մասին, որի արդյունքում Վրաստանում 14 նախարարության փոխարեն կգործի 10 նախարարություն։ Նա Մշակույթի և սպորտի նախարարությունը միավորել է գիտության և կրթության նախարարության հետ, Պատիժների կատարման և պրոբացիայի նախարարությունը միավորել է արդարադատության նախարարության հետ: Հետաքրքրական է այն փաստը, որ լուծարվել է Oկուպացված տարածքներից փախստականների և բռնի տեղահանվածների նախարարությունը, որի ֆունկցիաները բաշխվել են այլ գերատեսչությունների վրա։ Այս ամենի համատեքստում նշենք, որ ընդդիմադիրները իշխող կուսակցությանը քննադատում էին այն բանի համար, որ Բիձինա Իվանիշվիլիի հայեցողությամբ են նշանակվում կադրերը, որոնք որպես կանոն իրենց պաշտոններին կարճաժամկետ են մնում ու ամեն հերթական փոփոխությունը նոր ցնցումների է հանգեցնում։ Փորձագետները հիմնականում մատնանշում են  վերջին վեց տարիների պրակտիկան, համաձայն որի՝ Բ. Իվանիշվիլիի կողմից իշխանության եկած ներկայացուցիչները շատ շուտ սպառում են իրենց քաղաքականության մեջ։

Վրաստանում արդեն մի քանի տարի շարունակ քննարկվում է հակաթմրադեղային քաղաքականության ազատականացման հարցը։ Եվ 2018-ին բավական աղմկահարույց իրադարձություն էր թերևս այն, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ Վրաստանում մարիխուանա օգտագործելն օրինական դարձավ։ Սահմանադրական դատարանը որոշել էր, որ «մարիխուանայի օգտագործումն անձի՝ իր ժամանցն ազատ տնօրինելու իրավունքն է»։ Այս որոշմամբ օրինականացվեց մարիխուանայի օգտագործումը։ Նշենք, որ մարիխուանա ծխելն արգելված է փողոցում, սրճարաններում, ռեստորաններում, այգիներում, պուրակներում, մարզադաշտերում, կինոթատրոններում, թատրոններում, դպրոցներում և կրթական հաստատություններում, ինչպես նաև դրանց հարակից տարածքներում։ Ըստ նոր օրենքի, մարիխուանա ծխել թույլատրվում է միայն տանը։ Դատարանի որոշման համաձայն՝ մարիխուանայի օգտագործումը պատժելի կլինի միայն այն դեպքում, եթե այն վտանգ է ներկայացնում երրորդ անձանց համար: Միաժամանակ մարիխուանայի աճեցման և տարածման համար քրեական պատիժը շարունակում է ուժի մեջ մնալ:

Տարվա ընթացքում ակտիվ քննարկումների առարկա դարձավ նաև  Վրաստանի խորհրդարանի կուտակային կենսաթոշակի մասին օրենքի ընդունումը։ Համաձայն օրենքի, որն ուժի մեջ կմտնի 2019 թվականի հունվարից՝ աշխատող քաղաքացիներն իրենց աշխատավարձի 2 տոկոսը պետք է փոխանցեն կենսաթոշակային ֆոնդին, ևս երկուական տոկոս կփոխանցեն գործատուն և պետությունը։  Նոր համակարգը թույլ կտա մարդկանց հետաձգել թոշակի անցնելն ու շարունակել խնայողություններ կուտակել: Սակայն այն բանից հետո, երբ մարդը հասնում է կենսաթոշակային տարիքի, պետությունն ու գործատուն դադարում են փող փոխանցել նրա հաշվեհամարին: Նա կարող է իր խնայողություններին ավելացնել միայն իր 2 տոկոսը: Օրինագծի հեղինակներն ակնկալում են, որ նոր համակարգի գործարկման առաջին ֆիսկալ տարում ներդրումների ընդհանուր գումարը կհասնի 400 մլն լարիի (ավելի քան 163 մլն դոլար):

Ինչ վերաբերում է տնտեսական միտումներին, ապա 2018 թվականն աչքի ընկավ լարիի արժեզրկմամբ, գնաճով և գործազրկության բարձր մակարդակով։ 2018-ի հուլիսին գրանցվեց լարիի ամենամեծ արժեզրկումը 2017թ-ից ի վեր: Եվ, թերևս, այս հանգամանքով է պայմանավորված տարբեր ապրանքատեսակների գների բարձրացումը: Նշենք, սակայն, որ Վրաստանում գործազրկության մակարդակը վերջին 2 տարվա ընթացքում զգալի փոփոխություններ չի կրել և նախկինի պես բարձր է: Բավականին բարձր է գործազրկության մակարդակը երիտասարդության շրջանում: Նրա գրեթե մեկ երրորդը (մոտ 30%) չի աշխատում: Ըստ ՄԱԿ Մանկական հիմնադրամի կատարած հետազոտության տվյալների՝ Վրաստանում աճել են աղքատության ցուցանիշները։ Նույն հետազոտության համաձայն՝ երկրում աղքատության շեմից ներքև է գտնվում բնակչության 21,7%: Հետազոտության հեղինակները կարծում են, որ աղքատության աճը պայմանավորված է տնտեսության աճի տեմպերի ոչ արագ լինելով, գնաճի մակարդակի բարձրացմամբ:

2018-ին հանրային հնչեղություն ստացած իրադարձություններից է Վրաստանում «պատմական» անվանումը ստացած նախագահական վերջին ուղղակի ընտրությունները, որի արդյունքում Վրաստանում առաջին անգամ կին թեկնածուն նախագահ ընտրվեց։ Ընտրություններն այդ անվանումն էին ստացել, քանի որ Վրաստանի պատմության մեջ նախագահական ընտրությունները անցյալում երբեք երկու փուլով չեն ընթացել, Վրաստանի նախագահն առաջին անգամ ընտրվեց վեց տարով (մինչ այդ հինգ տարով), ընտրությունների մասնակից երկու թեկնածուներն էլ Մ. Սահակաշվիլիի կառավարությունում զբաղեցրել էին ԱԳ նախարարի պաշտոններ, երկու թեկնածուներն էլ առաջին փուլում գրեթե հավասար արդյունք են գրանցել, դե ֆակտո իշխող կուսակցությունը թեկնածու չէր առաջադրել։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախօրեին Վրաստանի իշխանությունները որոշում են կայացրել Վրաստանի մոտ 600 հազար քաղաքացու՝ այսպես կոչված «սև ցուցակում» ներառված անձանց պարտքերը բանկերին և ֆինանսական այլ ինստիտուտներին չեղարկել։ Այս որոշման մասին ընտրողներին հայտնել է անձամբ վարչապետ Մամուկա Բախտաձեն, ով, մասնավորապես, շեշտել է, որ հարկերի չեղարկումը կսկսվի դեկտեմբերի 15-ին և կավարտվի դեկտեմբերի 31-ին։ Իշխանությունների այս որոշումը հասարակական կազմակերպություններն ու փորձագետները պոպուլիստական քայլ են անվանել։ Այն հաճախ մեկնաբանվում էր որպես ընտրողներին կաշառելու փորձ։ Իսկ ընդդիմությունը հայտարարել էր, որ իշխանությունները իրենց գաղափարն են իրականացնում՝ ներկայացնելով որպես սեփական։

Ամփոփելով 2018 թվականը՝ կարելի է արձանագրել, որ մի շարք օրենքների ընդունումը, չնայած բուռն քննարկումներին ու տարբեր շահարկումներին, այնուամենայնիվ այլևս իրականություն է, չնայած դրանց ռիսկերին։ Եզրափակելով ընտրական տարբեր գործընթացները Վրաստանում, կարելի է նկատել, որ վրացական ընդդիմությունը բավական ակտիվ նախընտրական պայքար էր մղում, չնայած այն հանգամանքին, որ իշխող կուսակցությանը հաջողվեց պահպանել իշխանությունը: Հարկ է փաստել նաև, որ առաջիկայում Վրաստանի քաղաքական կյանքում փոփոխությունների հավանականությունը փոքր է, քանի որ թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմիններում իշխանությունը «Վրացական երազանք» կուսակցության «ձեռքում» է։

 

Ռոզի Միքայելյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am