Փոխքաղաքապետը Երևանի 2019թ. բյուջեն հետընթաց անվանելը բարեխիղճ մոլորություն է համարում

Armenpress 18:08, 21 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն բյուջեն, որտեղ օպտիմալացվել է ավելի քան 4.5 միլիարդ դրամ, հետընթաց անվանելը բարեխիղճ մոլորություն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ հանդիպմանը նշեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը: Նրա խոսքով՝ 2019 թվականի բյուջեն 2018 թվականի բյուջեի համեմատ ունի առնվազն 2 միլիարդ դրամի մուտքերի աճ: «Մենք սա միաժամանակ համարում ենք բավական համեստ պլանավորում, որովհետև մեր տեսլականը աճի կապակցությամբ ավելին է, քան պլանավորված է: Այնուամենայնիվ, այդ 2 միլիարդը հաշվարկվել և պլանավորվել է դեռևս հաշվի չառնելով այն եկամուտների աղբյուր հանդիսացող բազան, որը մենք այսօր սկսել ենք մուտքագրել»,-ասաց նա:

Սարգսյանի խոսքով՝ երբ ավարտվի վարչական շրջաններին իջեցված հանձնարարականի հիման վրա իրականացվող տարածքային վերաչափումների գործընթացը, հավանական է, որ 2 միլիարդ ավելացումը եկամուտների մասում ևս կավելացվի:

Չարաշահումներին անդրադառնալով՝ Երևանի փոխքաղաքապետը նշեց, որ «իրենց աշխատանքի առաջին իսկ օրվանից ուռճացված թվերը ամեն օր մի քանի անգամ անցել են իրենց դիմացով՝ նախկինում հայտարարված և շահված գնումների, նախկինում պլանավորված միջոցների ծախսումների տեսքով»: «Օրինակ՝ նախորդ տարի մանկապարտեզներին ուղղված սննդի ֆինանսավորման ծավալները գերազանցվել են՝ 2 անգամ ավելի գներով»,- նկատեց Սարգսյանը:

Նա նշեց, որ պարգևավճարների ավելացնելու նպատակը աշխատակիցների մոտիվացիան բարձրացնելն է: «Համայնքային ծառայողների աշխատավարձերի բարձրացումը օրենսդրական, նորմատիվային գործընթաց է: Պարգևատրման ֆոնդն ավելի ճկուն գործիք է, որովհետև, երբ ավելացնում ես աշխատավարձի ֆոնդը, նշանակում է, որ այսուհետ դու մարդուն պետք է վճարես այդ ֆոնդը, իսկ այս գործիքը ժամանակավոր է, և եթե չաշխատի, մենք կվերանայենք մոտեցումները»,- հավելեց Երևանի փոխքաղաքապետը:

Վերելակների ֆոնդի կրճատմանն անդրադառնալով՝ Հայկ Սարգսյանը վստահեցրեց, որ նույն աշխատանքի ծավալը և նյութերը կարելի է ապահովել ավելի քիչ միջոցներով, քան արվել է:

«Տրանսպորտի բյուջեի նվազումն էլ տեղի է ունեցել բացառապես մետրոպոլիտենի վարկային ծրագրի կրճատման հաշվին: Տրանսպորտի հարցի վերաբերյալ մենք այսօր մեծ խմբով աշխատում ենք տրանսպորտային բարեփոխումների ծրագրի վրա, որն ավարտման փուլում է, սակայն դեռ կան որոշակի շտկումներ: Մինչ հունվարի վերջ կստանանք ամբողջ տեղեկատվական բազան»,- ընդգծեց Սարգսյանը:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am