1000х90.jpg (78 KB)

Կայացավ Գեղարքունիքի մարզխորհրդի տարեվերջյան նիստը

Armenpress 15:47, 20 Դեկտեմբեր, 2018

ԳԱՎԱՌ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ մարզխորհրդի նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Գնել Սանոսյանը:«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նիստի օրակարգում քննարկվեց երկու հարց:

«Տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին» հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը: Ըստ զեկուցման՝ 2018 թվականի դեկտեմբերի 17-ի արդյունքներով մարզի տեղական բյուջեների կատարողական ցուցանիշների հավաքագրման մակարդակը կազմում է 79,7 տոկոս կամ պլանավորված 1 միլիարդ 993 միլիոն 315 հազար 600 դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 1 միլիարդ 587 միլիոն 684 հազար 200 դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ արձանագրվել է 9,5 տոկոս նվազում: Մարզի միջինից ցածր կատարողական են ապահովել Վարդենիսի տարածաշրջանը՝ 65,5 տոկոս եւ Գավառի տարածաշրջանը՝ 77,1 տոկոս: Մարզի 57 համայնքներից միջինից ցածր ցուցանիշներ են ապահովել 30 համայնք: 100 տոկոսից ավելի կատարողական են ապահովել Հայրավանքը, Զոլաքարը, Ներքին Գետաշենը, Ծակքարը, Գեղամավանը, Ծովակը: 100 տոկոս կատարողականի շեմին են մոտենում Ձորագյուղ, Երանոս, Վաղաշեն, Սեւան, Սարուխան, Նորաշեն համայնքները:«Աշխատանքային տարվա ավարտին դեռեւս մեկ շաբաթ ժամանակ կա, ուստի ուզում ենք լիահույս լինել, որ սեփական եկամուտների հավաքագրման մեջ թերացած համայնքները կկարողանան շտկել իրավիճակը եւ ապահովել ավելի բարձր արդյունքներ»,-նշեց Յուրա Մուշեղյանը: «Մարզի համայնքներում աղբահանության ծառայության կազմակերպման մասին» հարցի շուրջ զեկուցեց Մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը: Ըստ զեկուցման՝ 2018 թվականի ընթացքում մարզի 57 համայնքներից աղբահանության ծառայություն մատուցվել է 40 համայնքներում, ինքնածախսածածկման եղանակով:«Ընթացիկ տարում համայնքային բյուջեներում որպես եկամուտ պլանավորվել է 179 միլիոն 115 հազար դրամի չափ աղբահանության գումար: 11 ամիսների ընթացքում փաստացի հավաքագրվել է 102 միլիոն 688 հազար դրամ, իսկ տնտեսվարող սուբյեկտների հետ կնքվել է 1725 պայմանագիր: Մարզում գույքագրված 29 աղբավայրերից 7-ը չի շահագործվում: 22 աղբավայրը սպասարկում է 40 համայնքների: Ինքնածախսածածկման եղանակով աղբահանության ծառայության մատուցումը համայնքների կողմից իրականացվել է վերջին մեկուկես տարվա ընթացքում: Զգալի առաջընթաց ունենք այս ոլորտում, քանի որ ամեն ինչ սկսել ենք զրոյից: Առաջընթացն ակնհայտ է: Կարծում եմ շուտով կյանքի կկոչվի «Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիրը», որով եւ հիմնովին մեր համայնքների համար լուծում կստանա այս կարեւորագույն հարցը»,-ներկայացրեց Վանիկ Հարությունյանը: Նիստի աշխատանքներն ամփոփեց մարզպետ Գնել Սանոսյանը՝ պահանջելով առավել ուշադրության սեւեռում օրակարգային երկու հարցերի շուրջ: «Ձգտեք մինչեւ տարեվերջ ամբողջությամբ հավաքագրել սեփական եկամուտները: Ցուցանիշները որոշ համայնքներում շատ ցածր են ու մտահոգող, քանզի այդ թվերն արտացոլում են տվյալ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատանքի իրական պատկերը: Ինչ վերաբերում է աղբահանության կազմակերպման հարցին, ապա պետք է նկատի ունենանք, որ մեր մարզում ունենք համաշխարհային նշանակության այնպիսի հարստություն, ինչպիսին Սեւանա լիճն է, որի աղտոտումը մենք պետք է կանխենք ամեն գնով: Ինչպես փաստում են ստորջրյա լուսանկարներն ու հետազոտությունները, Սեւանա լճի հատակը գրեթե վերածվել է մի հսկայական աղբավայրի, որն առաջացել է կենցաղային աղբը գետերում կամ շրջակա միջավայրում թափելու արդյունքում: Մենք պետք է մարդկանց գիտակցության մեջ արմատավորենք աղբահանության դիմաց վճարումներ կատարելու անհրաժեշտությունը, բացատրելով նրանց, թե ինչ հետեւանքներ կարող է թողնել մեզ վրա աղբի կողքին ապրելն ու այդ աղտոտված օդը շնչելը»,-շեշտեց մարզպետը: Օգտվելով առիթից՝ մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Գնել Սանոսյանը շնորհավորեց մարզխորհրդի անդամներին Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով նրանց անձնական երջանկություն եւ աշխատանքային հաջողություններ:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am