Ժնեւում հայ համայնքի ներկայացուցիչները «Իմ քայլը» հիմնադրամին փոխանցել են ավելի քան 75 մլն ՀՀ դրամ. Աննա Հակոբյան

Armenpress 13:32, 20 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մանրամասն հաշվետվություն է ներկայացնել Շվեյցարիա կատարած իր այցի վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուքի» իր էջում Աննա Հակոբյանը նշել է, որ Ժնեւ այցելելու գաղափարը ծնվել է Շվեյցարիայի հայ համայնքի տարբեր ներկայացուցիչների մեջ: Նման այց կատարելու առաջարկ իրեն ներկայացրել է Շվեյցարիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Անահիտ Հարությունյանը:

Անդրադառնալով ծախսերին՝ վարչապետի տիկինը գրել է, որ այցի ընթացքում իրեն ուղեկցել են «Իմ քայլը» հիմնադրամի տնօրենը, մամուլի խոսնակը, արարողակարգի բաժնի երկու ներկայացուցիչ: «Անձամբ իմ, հիմնադրամի տնօրենի եւ մամուլի խոսնակի մասով այցի ծախսերը փակվել են հիմնադրամի միջոցներից, կառավարության արարողակարգի բաժնի աշխատակիցներինը` պետական միջոցներից: Այսպիսով` հիմնադրամից ծախսվել է 3.613.034 ՀՀ դրամ, պետական միջոցներից` 2.516.000 ՀՀ դրամ: Շվեյցարիա կատարած այցի վրա հիմնադրամից եւ բյուջեից ծախսվել է , ընդհանուր առմամբ, 6.130.000 ՀՀ դրամ»,-նշված է Աննա Հակոբյանի գրառման մեջ:

Ժնեւում ունեցած իր հանդիպումների ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները բոլորը միասին «Իմ քայլը» հիմնադրամին են փոխանցել ավելի քան 75 մլն ՀՀ դրամ: Ձեռք են բերվել հետագա համագործակցության բազմաթիվ պայմանավորվածություններ: Լուծվել է պետական նշանակության մի ծրագրի (400 հազար եվրո արժողությամբ) ֆինանսավորման հարցը:  «Շվեյցարիայի խորհրդարանում ունեցած հանդիպման ժամանակ ներկայացրել եմ «Կանայք հանուն խաղաղության» արշավը, հայ կանանց դերը Հայաստանի հեղափոխության մեջ: Եւ վերջապես, Ժնեւի համայնքի ներկայացուցիչների հետ ունեցել եմ անչափ ջերմ, սրտամոտ շփումներ, ճանաչել ենք իրար եւ ձեւավորել ենք հարաբերություններ, որոնք երբեք փողով չես չափի: Շնորհակալություն ուշադրության համար»,-գրել է նա:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am