Սուրեն Պապիկյանը տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ

Armenpress 19:16, 18 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման  նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է մարզպետներին նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իրավական պետության ոգուն և տառին համապատասխան խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու և պատվով անցկացնելու կապակցությամբ և ընդգծել, որ հանրության կողմից պատվիրակված մեծ պատասխանատվությունը կյանքի կոչելու և բնակչության սպասումներն արդարացնելու նպատակով անհրաժեշտ է լծվել օրնիբուն քրտնաջան աշխատանքի։

Անցնելով խորհրդակցության հիմնական հարցերին՝ նախարարի պաշտոնակատարը մտահոգություն է հայտնել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման տեմպերից ու ցուցանիշներից և մարզպետներին հորդորել է բացատրական աշխատանքներ տանել համայնքների ղեկավարների հետ՝ ոլորտում առկա պատկերը շտկելու և բարելավման արդյունքներ ապահովելու նպատակով։

Խորհրդակցությանը քննարկվել է նաև համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով իրականացվող սուբվենցիոն ծրագրերի  ընթացքը, որի արդյունքներով 2018թ.-ին ՀՀ մարզպետարաններից  ստացվել է շուրջ 230 հայտ, հավանության է արժանացել 180-ը, որից 114 ծրագիր՝ շուրջ 1մլրդ  621մլն  ՀՀ դրամի չափով, արդեն ֆինանսավորվել է, իսկ մինչև տարվա ավարտը նախատեսվում է ևս 360 մլն  ՀՀ դրամի ֆինանսավորում։ Նախարարի պաշտոնակատարը համոզմունք է հայտնել, որ հաջորդ տարվա համար նախատեսված սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով ընտրված հստակ չափորոշիչները հնարավորություն կտան այս գործընթացն ավելի սահուն և արդյունավետ կազմակերպել։

Անդրադառնալով համայնքների կողմից աղբահանության կազմակերպման գործընթացին՝ Սուրեն Պապիկյանը կոչ է արել մարզպետներին ակտիվացնել աղբահանության համար նախատեսված գումարների հավաքագրման աշխատանքները։ Նախարարի պաշտոնակատարը նաև կարևորել է  այս ոլորտում համայնքների կողմից իրականացվող աշխատանքների ինքնածախսածածկման անհրաժեշտությունը և ընդգծել, որ աղբահանության պատշաճ կազմակերպման ու մաքուր միջավայրի ձևավորման գերկարևոր խնդիրը պետք է լինի յուրաքանչյուր համայնքապետի ամենօրյա աշխատանքը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև մարզերում առաջնային լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացման ընթացքին, մարզերում ներդրումային համաժողովներ կազմակերպելուն, միջպետական և միջհամայնքային ճամփեզրերին հասարակական զուգարանների սանիտարական վիճակի բարելավմանն ուղղված հարցեր, որոնց ապահովման վերաբերյալ նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am