1000х90.jpg (78 KB)

Մեր նպատակն է՝ քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսական հեղափոխության. Նիկոլ Փաշինյան և ԱՄՆ ՄԶԳ փոխնախագահի հետ քննարկել է համագործակցության զարգացման ուղղությունները

Armenpress 18:41, 18 Դեկտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխնախագահ Բրոք Բիրմանին:

 Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,  Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ արդյունավետ համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը տարբեր ուղղություններով: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ կառավարությունը հետևողականորեն և հաստատակամ շարունակելու է ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումները և այդ առումով ընդգծել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ փոխգործակցության կարևորությունը: Կառավարության ղեկավարը Բրոք Բիրմանի այցը մեր երկիր համարել է լավ հնարավորություն՝ նախանշելու հետագա համագործակցության ոլորտները:  «Մեր նպատակն է՝ քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսական հեղափոխության և այդ կարևորագույն փոփոխությունների իրականացման ճանապարհին շահագրգռված ենք ակտիվորեն համագործակցել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ: Մեր քայլերն ուղղված են ժողովրդավարության ամրապնդմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հեռանկարային համարելով համագործակցությունն ԱՄՆ ՄԶԳ-ի հետ նաև գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և կրթության ոլորտներում:  Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ տնտեսական փոխգործակցության զարգացմամբ և առևտրաշրջանառության ծավալների ավելացմամբ:  

 Բրոք Բիրմանը նախ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին բարձր մակարդակի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ և հավելել. «Ինձ համար պատիվ է հանդիպել Ձեզ հետ՝ նշանավորելու այս պատմական էջը Հայաստանի պատմության մեջ: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը պատրաստ է աշխատել կառավարության հետ՝ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների առավել հզորացման, կոռուպցիայի դեմ պայքարի և առևտրի ու ներդրումների խթանման բնագավառներում»:

 Հանդիպման ընթացքում զրուցակիցները պայմանավորվել են, որ երկկողմ փոխգործակցության կոնկրետ ուղղություններն առաջիկայում կհստակեցվեն ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակի քննարկումների արդյունքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am