ՊԵԿ-ը շոու-բիզնեսում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց հորդորում է ինքնահայտարարագրել եկամուտները

Armenpress 17:00, 18 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, ևս մեկ անգամ հորդորում է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին և նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց, ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները և վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հաշվի առնելով, որ հարցը տևական ժամանակ քննարկվել է, ՊԵԿ-ը հորդորում է ինքնահայտարարագրել եկամուտները սեղմ ժամկետներում: Հակառակ դեպքում հարկային մարմնի տեսադաշտում գտնվող անձանց նկատմամբ կիրականացվեն հարկային հսկողության միջոցառումներ:Հիշեցնում ենք, որ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության:

Բարձր գնահատելով մշակութային ոլորտի կարևորությունը՝ Պետական եկամուտների կոմիտեն խնդրի լուծումը տեսնում է փոխըմբռնման հարթությունում՝ կտրուկ քայլերի փոխարեն դարձյալ ծանուցելով շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am