Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի հետ կապված զարգացումների պակաս չի զգացվել. փորձագետները ամփոփում են տարին

Armenpress 16:02, 18 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող տարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում քաղաքական բանակցություններ որպես այդպիսին երկու երկրների ղեկավարների միջև տեղի չեն ունեցել: Այդուհանդերձ, կարգավորման գործընթացի հետ կապված այլ զարգացումների պակաս չի զգացվել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց քաղաքագետ Նարեկ Մինասյանը:

«Ընթացիկ տարվա փետրվարին պարզ դարձավ, որ Ադրբեջանում անցկացվում են արտահերթ ընտրություններ, ինչին զուգահեռ ականատես եղանք սահմանին լարվածության աճին, առկա էր հռետորաբանության կոշտացում: Բացասական դինամիկան պահպանվեց ապրիլ, մայիս ամիսներին, երբ Ադրբեջանում և Հայաստանում ներքաղաքական զարգացումներ էին տեղի ունենում: Հայաստանում հեղափոխական զարգացումներին զուգահեռ սահմանին լարվածության աճ կար, ականատես եղանք համանախագահների հետ ակտիվ հանդիպումներին: Հայկական կողմը վերահաստատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը շարունակելու հանձնառությունը»,-ասաց Նարեկ Մինասյանը: Արդեն հուլիսին, այնուհետև սեպտեմբերին համանախագահները կազմակերպեցին արտգործնախարարների հանդիպումները: Դրանք հիմնականում կրում էին ճանաչողական բնույթ:

Հետաքրքրիր զարգացումներ տեղի ունեցան սեպտեմբերի վերջին: Մասնավորապես, Դուշանբեում Փաշինյան-Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, որի ընթացքում որոշակի քննարկումներ են եղել, ինչի արդյունքում ձեռք են բերվել օպերատիվ կապի վերականգնման վերաբերյալ պայմանավորվածություններ, անդրադարձ է եղել լարվածության նվազեցման խնդրին:

«Հետագայում մենք ականատես եղանք, որ այդ պայմանավորվածությունները կյանքի են կոչվում: Այսօր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազում ենք տեսնում: Համանախագահները ողջունեցին նման նախաձեռնությունները և փորձեցին իրենց տարածաշրջանային այցերի ընթացքում հստակեցնել մանրամասները և նպաստել դրանց կյանքի կոչմանը: Վերջին իրադարձությունը, թերևս, Միլանում արտգործնախարարների հանդիպումն էր, որը որոշ դրական տարրեր էր պարունակում: Համանախագահները հույս էին հայտնում, որ 2019 թվականին կշարունակվի բանակցային գործընթացն առավել բարձր մակարդակով»,-ասաց Նարեկ Մինասյանը:

Արդյո՞ք եղածը բավարար է, ըստ Նարեկ Մինասյանի։ Իհարկե, ոչ, որովհետև դեռ պետք է կյանքի կոչվեն հետաքննության մեխանիզմները, ընդլայնվի մոնիտորինգի խումբը: Սրանք հարակից քայլեր են, որոնք կարող են բավական լուրջ ազդեցություն ունենալ և նպաստել խաղաղության մթնոլորտի ձևավորմանը:

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը նշեց, որ առաջիկա գործընթացում Հայաստանն իր շահերն է առաջ մղելու: Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի, խորհրդարանական մեծամասնություն կազմած «Իմ քայլը» դաշինքի կողմից հստակ արձանագրվել է՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, առանց Արցախի ու Հայաստանի բնակիչների լուծում չի կարող լինել, և գործընթացը պետք է դառնա շատ ավելի թափանցիկ, հետագա քայլերն էլ շարունակվելու են Արցախի միջազգային ճանաչման համար:

«Դիրքորշումները հստակ են, մնում է տարբեր հարթակներում, այդ թվում խորհդարանական դիվանագիտության միջոցով շարունակել աշխատել այդ ուղղությամբ»,-ասաց Տաթև Հայրապետյանը:

Ըստ նրա՝ հետաքրքրական էին Ադրբեջանի նախագահի վերջին երկու ելույթները, երբ ղարաբաղյան հարցի լուծումը կապվեց սպառազինությունների աճի հետ:

«Այսինքն՝ ասել, որ Ադրբեջանը հրաժարվում է խնդիրը ռազմական ճանապարհով լուծելուց, առնվազն միամտություն է, պարզապես Ադրբեջանը նոր ստեղծված իրավիճակում փորձում է ներկայանալ իբր կառուցողական»,-ասաց նա:

Տավուշի սահմանագծում Ադրբեջանի սահմանապահ զորքերի տեղակայումը, զինված ստորաբաժանումների հետքաշումը կամ այլ տեղ տեղափոխելը Նարեկ Սարգսյանը դիտարկում է «կառուցողական» ներկայանալու շրջանակում:

«Ադրբեջանը փորձում է իրեն դիրքավորել որպես հակամարտության կառուցողական կողմ, սակայն իրականում երկրի ներսում որևէ իրական բան չի արվում: Այդ համատեքստում կարելի է դիտարկել բոլորը բոլորի դիմաց սկզբունքով ռազմագերիների փոխանակման հետ կապված արշավը, ինչը կեղծ խաղաղասիրության, կառուցողական երևալու խնդիր է հետապնդում»,-ասաց նա՝ ավելացնելով, որ պետք է հնարավորինս առաջ մղել մինչ այժմ վստահության ամրապնդման մի շարք պայմանավորվածությունների կյանքի կոչումը, ինչպես նաև առաջ բերել նոր նախաձեռնություններ:

Աննա Գզիրյան



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am