1000х90.jpg (78 KB)

Քայլել ժամանակին համընթաց. այս է «Արմենպրես» պետական լրատվական գործակալության ուղենիշը

Armenpress 10:12, 18 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն մեկ դար է հայաստանյան լրատվական դաշտում իր ուրույն տեղն ու դերն ունի «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը։ Տասնամյակներ շարունակ այն ներկայացրել է երկրում տեղի ունեցող կարեւորագույն իրադարձությունները, միաժամանակ դերակատարություն ունեցել հասարակական կարծիքի ձեւավորման հարցում։ Արդեն նոր ժամանակներում, ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ գործակալությունը հանդես է գալիս ոչ միայն արձագանքողի եւ արձանագրողի դերում, այլեւ առաջարկում է նոր եւ նորարարական լուծումներ լրատվական-տեղեկատվական նորօրյա մարտահրավերներին ընդառաջ։ «Արմենպրեսի» անցած ուղու եւ ապագայի տեսլականի շուրջ զրուցել ենք գործակալության տնօրեն Արամ Անանյանի հետ։

– Պրն Անանյան, նախեւառաջ թույլ տվեք շնորհավորել հոբելյանի՝ «Արմենպրեսի» 100-ամյակի առթիվ։ Հայաստանի հեռագրական գործակալությունը ստեղծվեց Հայաստանի համարպատմական եւ միաժամանակ բավականին բարդ շրջանում եւ արդեն մեկ դար ծավալում էիր գործունեությունը։ Ո՞րն է «երկարակեցության» գաղտնիքը։

–Հավանաբար պատճառն այն է, որ լրատվական գործակալությունները եղել եւ մնում են լրատվական դաշտի ամենապահանջված ձեւաչափը։ Թե՛ այն ժամանակ, թե՛ այսօր լրատվության հիմնական բեռը, այն է՝ տեղեկատվության հավաստի եւ օպերատիվ պատրաստումը եւ մատակարարումը բաժանորդներին ու ընթերցողներին, լրատվական գործակալության վրա է։ Այս առումով, լրատվական, այդ ժամանակ հեռագրական գործակալություն ստեղծելու որոշումը պահանջված էր եւ միտված ապագային։ Այսօր էլ տեսնում ենք, որ փոփոխվող աշխարհում լրատվական գործակալություններն իրենց դերն ավելի են ամրապնդել, ինչին ականատես ենք լինում նաեւ մեր բոլոր գործընկերների օրինակով։

Կարեւորագույն հանգամանքներից մեկն էլ պետության շարունակական հոգածություն է գործակալության նկատմամբ։ Մենք զգացել եւ զգում ենք, որ մեր երկրի համար «Արմենպրեսի» կատարած աշխատանքը կարեւոր է եւ մեծապես գնահատված։

Ժամանակակից լրատվական գործակալությունը եւ ժուռնալիստիկան բացառապես հումանիտար ոլորտի մասնագիտություն չէ. այս աշխատանքում այլեւս միավորվում են թե՛ լրագրությունը, թե՛ տեխնոլոգիաները եւ թե՛ ապագայի մասին մեր բոլորի պատկերացումները։ Ներկա ժամանակներում տեղեկատվական ձեւաչափերը շատ արագ են փոփոխվում, զարգանում, իսկ այսօրվա մեդիա սպառումը եւ մեդիա արտադրությունը շատ ավելի տարբերվում է 5 կամ 10 տարի առաջվա այդ նույն գործընթացից։ Բոլորովին այլ է իրավիճակը վերջին տարիներին, հիմա, բացի ավանդական մոտեցումներից, միջոցներից, կան նաեւ նորերը։ Ժամանակակից մեդիա սպառողը շատ ավելի պահանջկոտ է, քան նախկինում, եւ այդ պահանջները որոշակի դրական ճնշում են բանեցնում լրատվամիջոցների աշխատանքի վրա, եւ գործակալությունները դատապարտված են բառիս լավ իմաստով չկորցնելու ժամանակի զարկերակը եւ ժամանակի ընթացքից հետ չմնալու։ Առաջիկա տասնամյակներում այդ միտումները նույնպես շարունակվելու են։ Քայլել ժամանակին համընթաց՝ պահպանելով առաջատար դիրքերը՝ հեշտ մարտահրավեր չէ։

–Լինելով Հայաստանի նորագույն շրջանի ամենահին լրատվամիջոցը, «Արմենպրեսը» եղել է միակ պետական գործակալությունը, նույն կարգավիճակը պահպանվել է նաեւ խորհրդային տարիներին։ Այսօր, սակայն, կա մրցակցային լայն դաշտ։ Ինչպիսի՞ խնդիրներ են դրված գործակալության առջեւ, որպեսզի կարողանա ոչ միայն համընթաց գնալ տեղի ունեցող փոփոխություններին, այլեւ առաջնորդել դրանք։

–Մրցակցությունն այս պարագայում շատ ավելի դրական դեր է խաղում, քան բացասական, որովհետեւ մրցակցության բացակայությունն ուղիղ ճանապարհ է դեպի լճացում։ Միայն մրցակցության մեջ ես կարողանում զատորոշել քո առավելությունները եւ ուժեղ կողմերը։ Մենք վերջին տարիներին տեսանք, որ օպերատիվության, հավաստիության եւ մասնագիտական շատ բարձր չափանիշների շնորհիվ «Արմենպրեսն» էլ ավելի ուժեղացրեց հավաստի, արագ տեղեկատվություն մատուցող լրատվամիջոցի իր դերը։ Դա խիստ կարեւոր է լրատվական գործակալության համար, որովհետեւ օպերատիվությանը զուգահեռ կարեւոր է նաեւ հավաստիությունը, եւ իրավունք չունես մեկը զոհել մյուսի հաշվին։ Այսօր մրցավազքը վայրկյանների համար է։

Կար ժամանակ, երբ տպագիր մամուլը ինֆորմացիայի ամենակարեւոր աղբյուրն էր, որոնց հաջորդեցին սկզբում ռադիոն, ապա հեռուստատեսությունը։ Սակայն վերջիններս, ելնելով ձեւաչափային տրամաբանությունից, տեղեկատվությունը մատուցում էին կոնկրետ, որոշակի ժամերի։ Այսօր, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, փոխվել է հասանելիության տրամաբանությունը։ Յուրաքանչյուրը կարող է տեղեկատվություն ստանալ իր համար ցանկալի պահին, ցանկալի վայրում, ցանկալի կրիչի միջոցով։

–Նոր տեխնոլոգիաները հնարավորությունների լայն դաշտ են ստեղծում ժամանակակից մեդիայի համար, բայց միեւնույն ժամանակ նոր մարտահրավերների առջեւ են կանգնեցնում։

–Ուրախությամբ նշեմ, որ փորձում ենք տեխնոլոգիական առումով էլ հետ չմնալ ժամանակակից գործընթացներից, սակայն հետ չմնալը պետք է լինի ոչ ի հաշիվ որակի, այսինքն՝ որպես ավանդական լրատվամիջոց պետք է կարողանանք ապահովել միջազգայնորեն համադրելի որակական չափանիշներ, որպեսզի մեր 20-ից ավելի միջազգային գործընկերները կարողանան օգտագործել այդ բովանդակությունը։ Այդ հանգամանքը որոշակի պահպանողականության տարր է մտցնում մեր աշխատանքում, բայց ցանկացած հաջորդ նախագիծ, որն իրականացնում ենք, ելման կետ ենք ընդունում մասնագիտական, որակական էլ ավելի լուրջ չափանիշներ եւ ըստ այդմ շարժվում ենք առաջ։ Դրա վկայությունն էր, օրինակ՝ վերջին տարվա ընթացքում արված մի շարք նախագծերի իրականացումը։ Առաջինը՝ «Արմենպրեսի» արխիվի մի մասի թվայնացումն էր «History. Armenpress.am» նախագծի շրջանակներում, որտեղ ավելի քան 10 հազար լուսանկարների թվայնացված տարբերակները ներկայացված են մեր հանրությանը։ Մենք դա արեցինք մասնագիտական լավագույն չափանիշներով, ինչի համար հպարտ ենք։ Հաջորդը՝ ֆրանսերեն բաժնի ստեղծումն էր։ Այն դարձավ հինգերորդ լեզուն, որով «Արմենպրեսը» տեղեկատվություն է ստեղծում։ Այսօր, ի թիվս հայերենի, ռուսերենի եւ անգլերենի, տեղեկատվական արտադրանք ենք ստեղծում նաեւ արաբերենով եւ ֆրանսերենով։ Այս երկու լեզուներն ավելացրել ենք վերջին 7 տարվա ընթացքում։

Մեզ համար շատ հետաքրքրական փորձառություն էր տեսաբովանդակության զարգացումը։ Այդ ուղղությամբ շատ անելիքներ ունենք եւ մեր փնտրտուքներն ուղղված են ավելի հետաքրքիր եւ որակյալ բովանդակություն ստանալուն, քանի որ տեսնում ենք, որ այդ դաշտում կա առողջ եւ լավ մրցակցություն, եւ մենք չենք ուզում այդ մրցակցության մեջ անպատրաստ եւ թույլ լինել։ Այդ դաշտ մտնելու համար առաջին լուրջ քայլերն արել ենք, բայց նաեւ լրջորեն նախապատրաստվում ենք, որպեսզի այդտեղ նույնպես կարողանանք մեր ծանրակշիռ խոսքն ու դերակատարությունն ունենալ։ «Արմենպրեսն» առաջինն էր, որ փորձարկումներ սկսեց արհեստական բանականության գործիքների հետ։ Մի քանի անգամ առիթ եմ ունեցել նշելու, որ արհեստական բանականության ծրագրային ապահովումը մասնակցում է մեր լրատվական ժապավենի ձեւավորմանը։ Այդ աշխատանքն ավելացնելու ենք։

2018թ. հունվարին «Արմենպրեսին» միավորվեցին «Հայաստանի Հանրապետություն» եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերը։ Այսօր մեր գործընկերների հետ միասին աշխատում ենք լրագրային տարբերակների բարեփոխման ու զարգացման ուղղությամբ։ Մենք համոզված ենք, որ այս ասպարեզում էլ կարող ենք լավ արդյունքի հասնել։

–Ե՞րբ եք սկսել օգտագործել արհեստական բանականության գործիքները։

–2016-17 թթ. սկսեցինք կիրառել, հիմա այդ ծավալը մեծացնելու ենք, որովհետեւ մեծ հեռանկարներ ենք տեսնում տվյալների լրագրության դաշտում։ Ժամանակակից գործակալությունը նաեւ տեխնոլոգիական տարրեր ունի իր մեջ։ Մենք այդ բացը փորձում ենք լրացնել։ Դա միաժամանակ բազում հնարավորություններ է տալու մեզ։

–Տեսնու՞մ եք, արդյոք, լեզուների ցանկն ընդլայնելու անհրաժեշտություն։

–Լեզուների ավելացման տրամաբանությունը եղել է խիստ արդարացված։ Երբ ստեղծեցինք արաբերեն բաժինը, այդ ժամանակ աշխարհի ուշադրությունը բեւեռված էր Միջին Արեւելքի տարածաշրջանի վրա։ Հասկանում էինք, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ, որոնք նաեւ արաբերեն են կարդում, տեղեկատվությունը արաբերենով ստանալու կարիքն ունեն, միաժամանակ արաբական աշխարհում էլ շատերն ուզում էին հասկանալ, թե ինչ են մտածում Հայաստանում՝ Սիրիայում եւ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի մասին։ Ֆրանսերեն բաժնի ստեղծումը պայմանավորված էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահությամբ։ Այլ լեզուների մասով պետք է խոր վերլուծություն արվի, եւ անհրաժեշտության դեպքում կձեռնարկենք համապատասխան քայլեր։

–«Արմենպրեսը» չի սահմանափակվում միայն հայաստանյան միջավայրով եւ բաց է համագործակցության համար։ Վերջին տարիներին ընդլայնվել է միջազգային համագործակցությունը։ Առաջիկայում ի՞նչ ծրագրեր կան։

–Միշտ կա այն մտավախությունը՝ արդյոք այդ հուշագրերը ստանո՞ւմ են միս ու արյուն, թե՞ ոչ։ Ինձ ուրախացնում է այն հանգամանքը, որ մեր պարագայում ստորագրված հուշագրերը միայն թղթի վրա չեն մնում, եւ օգտակար գործողության պայմանական գործակիցը բավականին բարձր է։ Երկու տասնյակից ավելի գործակալությունների համար մոնիտորինգը ցույց է տալիս, որ Հայաստանի մասին լրատվությունը հիմնականում «Արմենպրեսի» միջոցով է տեղ հասնում։ Մենք նաեւ տեսնում ենք միջազգային լրատվամիջոցներում հղումների քանակի ավելացում։ Դա էլ է ուրախացնում, որովհետեւ բացի հայաստանյան պայմանական մեդիա-շուկայից, մեզ համար կարեւոր են նաեւ միջազգային մեդիա հարթակները։ Դրա համար ուշադրություն ենք դարձնում լուրերի ստանդարտիզացիային, թարգմանական բովանդակությանը, որպեսզի մեր գործընկերներն այլընտրանք չփնտրեն։

«Արմենպրեսը» միջազգային լրատվական մի շարք կազմակերպությունների անդամ է՝ ԱՊՀ Ինֆորմխորհրդի, Սեւծովյան տարածաշրջանի ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիայի, ինչպես նաեւ դիտորդ է Հարավարեւելյան Եվրոպայի եւ բալկանյան պետությունների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիայում։ 2014-2016թթ. «Արմենպրեսը» նախագահել է Սեւծովյան տարածաշրջանի ազգային լրատվական գործակալությունների խորհուրդը։ Դա առաջին դեպքն էր, երբ Հայաստանը միջազգային լրատվական կազմակերպություն է ղեկավարել։ Արդյունքում մեծացավ մեր տեսանելիությունը աշխարհի լրատվական քարտեզի վրա։ Մենք կարողացանք ոչ նյութական, ոչ շոշափելի առավելությունն օգտագործել մեր կապերն էլ ավելի ամրապնդելու համար։ Մենք նկատելի մասնակցություն ունենք լրատվական գործակալությունների համաշխարհային կոնգրեսում, քննարկում ենք Եվրոպայի ազգային լրատվական գործակալությունների դաշնությանը միանալու հնարավորությունը, որն այսօր լավագույնն է աշխարհում։ Դա ե՛ւ մասնագիտական երկխոսություն է, ե՛ւ փորձի փոխանակում, որտեղ մեր գործակալության չափերի համեմատ անհամադրելի մեծ է մեր ներկայացվածությունը միջազգային մեդիա հարթակներում։ Դա միաժամանակ շատ լավ է մեր թղթակիցների համար, քանի որ մասնագիտական առումով թրծում է նրանց։ Ինչու չէ, նաեւ վիդեոթղթակիցների համար, որովհետեւ 2018-ի մարտին առաջին անգամ խիզախեցինք եւ ստեղծեցինք կամուրջ «Արմենպրեսի» եւ «Ռափթլի» վիդեո լրատվական գործակալության միջեւ տեսաբովանդակության փոխանակման առումով։ Այդ իմաստով որեւէ գործակալություն ինքնաբավ չի կարող լինել, քանի որ ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ կարեւորվում են համագործակցությունը եւ փորձի փոխանակումը։

–Ամեն բառ իր տեղն ունի, ամեն նյութ՝ իր նպատակն ու սահմանը։ Բազմիցս եք նշել, որ պետք է հարգանքով վերաբերվել ընթերցողին, առավել եւս, երբ այսօր լրատվական աղբյուրների ընտրության հնարավորությունները մեծ են։

–Իհարկե, հարգանքով պետք է վերաբերվել ընթերցողին, քանի որ մեր ուժը մեր ընթերցողն է։ Պարբերաբար սովորելու, զարգանալու, ոչ մի պահ կանգ չառնելու խնդիր ունենք, որովհետեւ մրցակցությունը չի թուլանալու։ Մենք տեսնում ենք, որ սոցիալական մեդիան այլեւս նոր չէ եւ ավանդական մեդիայից վերցնում է ուշադրության իր բաժինը, տեսնում ենք, որ այսօր ավելանում են կեղծ լուրերը ոչ թե ծավալի, այլ իրենց տարածման արագության առումով։ Բազմաթիվ այլ տեխնոլոգիական մարտահրավերներ են սպառնում լրագրությանը։ Այս առումով լրագրողի աշխատանքի դաշտը սեղմվում է, եւ մեր անելիքները վերագնահատելու եւ վերակազմակերպելու անհրաժեշտության առջեւ ենք կանգնում։

–«Արմենպրեսը» նախեւառաջ մարդիկ են, ովքեր աշխատում եւ աշխատել են գործակալությունում։ Խոսք կա, որ «Արմենպրեսը» որակյալ կադրերի դարբնոց է իր ուրույն ձեռագրով, որոնք հետագայում կարողանում են լավագույնս դրսեւորել իրենց լրատվական դաշտում։

–Իմ գործընկերները սիրում են կատակել, թե չկա նախկին արմենպրեսական, եւ այդ ասածի մեջ ավելի շատ ճշմարտություն կա, քան առասպել։ Մենք տեսնում ենք այն կապվածությունը, որ կա գործակալության եւ մեր վետերանների, ներկայիս գործընկերների, նաեւ «ժամանակավորապես նախկին» գործընկերների մոտ, ինչու ժամանակավորապես, որովհետեւ շատ շատերը վերադառնում են, ինչը մեզ շատ է ուրախացնում։ «Արմենպրեսը» միայն դարբնոց չէ, որտեղ կադրեր են պատրաստում։ Իհարկե, հասկանում ենք, որ այդ առաքելության մի մասը մենք այնուամենայնիվ վերցրել ենք մեզ վրա։ Ի դեպ, ոչ միայն մենք։ Ամբողջ աշխարհում պետական ազգային գործակալությունները հիմնականում իրականացնում են այդ առաքելությունը, բայց մեզ ուրախացնում է նաեւ վերադարձը, այսինքն՝ մարդիկ այլեւս ընկալում են ոչ միայն որպես դպրոց, այլեւ վայր, որտեղ իրենց ստացած գիտելիքները կարող են ռեալիզացնել եւ մասնագիտորեն ինքնաիրացված զգալ։ Կան բազմաթիվ այլ հանգամանքներ, որոնք պետք է անենք, որպեսզի այդ ինքնաիրացումը չմնա միայն մասնագիտական դաշտում։ Այդ կապը միայն ոգեւորում եւ ուրախացնում է, եւ այս 100-ամյակն այդ առումով ավելի շատ յուրաքանչյուր արմենպրեսականի տոնն է, այն մարդկանց, ովքեր տասնամյակներ են անցկացրել գործակալությունում։ Բազմաթիվ են մեր նվիրյալները, հիմա նրանցից շատերը գտնվում են կյանքի տարբեր ոլորտներում՝ քաղաքականության, տնտեսության, իհարկե նաեւ լրատվության մեջ եւ այլուր։ Պարզապես մարդկանց մի մեծ բանակ է, որոնց բացարձակ մեծամասնությունը «Արմենպրեսի» նվիրյալ է։

Հարցազրույցը՝ 

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆԻ

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am