Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ապագա խորհրդարանական խմբակցության անդամներին

Armenpress 16:27, 16 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դեկտեմբերի 16-ին ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ապագա խորհրդարանական խմբակցության անդամներին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի էջից, հանդիպմանը կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին է ներկայացրել 7-րդ գումարման Խորհրդարանում «Լուսավոր Հայաստան»-ի խմբակցության անդամներին, անդրադարձել կուսակցության քաղաքական հայացքներին ու դավանած ավանդական քրիստոնեական արժեքներին` նշելով, որ առջևում կան շատ անելիքներ և այդ իմաստով մեծ պատասխանատվություն է դրված նորընտիր Ազգային ժողովի ուսերին:

«Տիար Մարուքյանը այս առաքելության համար կարևորեց Հայոց Հայրապետի օրհնությունը` ընդգծելով, որ խմբակցության գործունեության մեջ նաև կարևոր տեղ պետք է հատկացվի ինչպես Հայաստանում, այնպես և նրա սահմաններից դուրս գտնվող հարուստ քրիստոնեական ժառանգության պահպանության խնդիրներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներին ողջունել և իր բարեմաղթանքերն է փոխանցել Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետը շնորհավորել է խորհրդարանականներին ձեռք բերած վստահության քվեի համար, որը հնարավորություն է ընծայելու նրանց օրենսդրական գործունեությամբ իրականացնել իրենց բոլոր ծրագրերը, ամուր հիմքերի վրա հաստատել հայոց պետականությունը, նպաստել հզոր և ապահով հայրենիքի կերտմանը:  Երկրի առջև ծառացած մարտահրավերների, դժվարությունների և խնդիրների հաղթահարման գործում, որոշումների կայացման մեջ իբրև զորության և ներշնչման ոգու աղբյուր Հայոց Հայրապետը նկատել է անցյալի հետ հաղորդակցությունը, կարևորել ազգային ժառանգության ճանաչողությունը և կապը պատմության հետ: Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ օրինաստեղծ գործունեությունը կխարսխվի այն ավանդների և արժեհամակարգի վրա, որոնք դարեր շարունակ ուժ են տվել մեր ժողովրդին` հաղթանակելու, դիմագրավելու դարերի փորձությունները և վերապրելու պատմության բոլոր օրհասական պահերը:  Նորին Սրբությունը պատասխանել է նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին եկեղեցական կյանքի մարտահրավերներին, հոգևոր ժառանգության պահպանության խնդիրներին և Եկեղեցի-պետություն հարաբերություններին: Վերջինիս առնչությամբ Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ Հայոց Եկեղեցին ինչպես պատմության ընթացքում, այնպես և այսօր շարունակելու է սատարել հայրենի պետությանը, որպեսզի հայոց ողջ ներուժի համախմբմամբ, սիրո և միաբանության մեջ, նվիրյալ և ազգաշեն ծառայությամբ կյանքի կոչվի աշխարհասփյուռ մեր ժողովրդի` լուսավոր Հայրենիք ունենալու տեսլականը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am