1000х90.jpg (78 KB)

Հայաստանի համայնքների ավագանիները ցանկանում են կրճատել համայնքների ղեկավարների որոշ լիազորությունները

Armenpress 13:20, 15 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համայնքներում գործող ավագանիներն իրենց առաջնահերթ խնդիրներից մեկը ավագանու դերի բարձրացումն են համարում: Այս մասին դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած Ավագանիների 1-ին համաժողովի ընթացքում «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

«Ավագանու դերի բարձրացման հետ կապված խնդիր ունենք, որը հնարավոր է լուծել, եթե կրճատենք համայնքի ղեկավարի ու քաղաքապետի լիազորությունները: Կան լիազորություններ, որոնք վերապահված են միայն քաղաքապետին, և վերահսկողության լծակներ չեն տալիս ավագանուն անդամներին, որպեսզի այդ վերահսկողությունը լիարժեք իրականացվի, այս առումով անհրաժեշտ է կրճատել համայնքի ղեկավարի այդ լիազորությունները»,- նշեց Սամսոնյանը:

Ավագանու դերի բարձրացման հետ կապված նման տեսակետ ունի նաև Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:

«Նոր կառավարությունից տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումներ ենք ակնկալում, և կառավարության ծրագրում, իհարկե, դրանք պետք է արտացոլվեն: Ավագանին այսօր ավելի շատ կրավորական է, ավագանին նախաձեռնող չի, և առաջին խնդիրը սահմանափակ լիազորություններն են: Երբ համայնքներն ունենան բավականաչափ լիազորությունների ծավալ ու ֆինանսներ, մոտիվացիան ու մրցակցությունը բավական բարձր կլինի, բայց դրանից զատ ավագանին այսօր նաև համայնքի ղեկավարի կցորդն է»,- ասաց Երիցյանը:

Համայնքների ավագանիներն արդեն կունենան միասնական հարթակ, որտեղ կբարձրաձայնեն իրենց խնդիրներն ու կփորձեն լուծումներ գտնել: Այդ հարթակը կլինի համայնքների ավագանիների խորհուրդը, որը ձևավորվեց Հայաստանի համայնքների միության կողմից կազմակերպված Ավագանիների 1-ին համաժողովի ընթացքում:

«Համաժողովի նպատակն է, որ մենք սկսենք ավագանիների համար հարթակ ձևավորել, որովհետև ավագանիներն ամեն մեկն իր համայնքում պարփակված է ապրում, այլ ավագանիների հետ կապ չունի: Ավագանիները տեղեկատվական աջակցության, միասնական մոտեցումներ մշակելու կարիք ունեն: Մենք փորձում ենք հիմա սկսել մի նախաձեռնություն, որով ավագանիները կսկսեն գործել մեկ միասնական ձայնով: Ավագանիների խորհուրդը պետք է ապագայում մշակի ավագանիների մշտական համաժողովի կանոնակարգը»,- նշեց Էմին Երիցյանը:

Ավագանիների 1-ին համաժողովին մասնակցեցին տարբեր համայնքների ավագանու ներկայացուցիչներ, փորձագետներ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչներ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am