Ավստրալիան Արևմտյան Երուսաղեմը պաշտոնապես ճանաչում է Իսրայելի մայրաքաղաք, սակայն չի շտապում այնտեղ տեղափոխել դեսպանատունը

Armenpress 12:11, 15 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիան Արևմտյան Երուսաղեմը պաշտոնապես ճանաչում է Իսրայելի մայրաքաղաք, սակայն դեսպանատունը կշարունակի գործել Թել Ավիվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «Ինտերֆաքս»-ին, այս մասին նշել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը: Նա տեղեկացրել է, որ դեսպանատունը Թել Ավիվում կմնա այնքան, քանի դեռ տարածաշրջանում չի հաստատվում ամուր խաղաղություն:

«Մենք հույս ունենք մեր դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ այն ժամանակ, երբ գործնականում քաղաքի վերջնական կարգավիճակը հստակ կլինի»,-ասել է Սքոթ Մորիսոնը:

Մի շարք երկրներ քննադատել են Ավստրալիայի որոշումը՝  նշելով, որ դա կարող է հանգեցնել իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման:

Ներկայում Երուսաղեմում գործում են ԱՄՆ-ի և Գվատեմալայի դեսպանատները: Պարագվայը նույնպես դեսպանատունը տեղափոխել էր Երուսաղեմ, սակայն շուտով այն վերադարձրեց Թել Ավիվ: Նոյեմբերին Երուսաղեմում բացվեց  Չեխական տուն, չնայած Չեխիան դեռ չի պատրաստվում իր դեսպանատունը տեղափոխել այնտեղ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am