Արդարադատության նախարարությունը լրագրողների համար անցկացրեց իրավաբանների հետ հաղորդակցության բարելավման դասընթաց

Armenpress 20:08, 14 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարությունը դեկտեմբերի 14-ին կազմակերպել էր «Դատաիրավական բարեփոխումների գործընթացում լրագրողների և իրավաբանների միջև հաղորդակցության բարելավում» թեմայով դասընթաց ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դասընթացի ժամանակ քննարկվեցին մի շարք հարցեր, ինչպիսին են՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների և պետական մարմինների աշխատակիցների համագործակցությունը՝ դատաիրավական բարեփոխումների գործընթացում, ոչ ֆորմալ խմբի ստեղծում՝ կապի պատասխանատուների, դատական համակարգի պաշտոնյաների և լրագրողների մասնակցությամբ՝ ուղղված տեղեկության պարբերական փոխանցմանը, հաղորդակցման կարիքներն ու տեղեկատվության փոխանցումը և այլն:

Դասընթացը կազմակերպվել է Եվրոպական միության՝ Հայաստանում արդարադատության ոլորտում աջակցություն ցուցաբերելու ծրագրի շրջանակներում:

Դատաիրավական բարեփոխումների փորձագետ Իվան Պանեֆը նշեց, որ արդարադատության հաղորդակցության ուղիները զարգացնելու և մշակելու համար շատ կարևոր է ԶԼՄ-ների և Արդարադատության նախարարության միջև նմանատիպ երկխոսություն իրականացնել:

Իվան Պանեֆը, լրագրողները և Արդարադատության նախարարության պաշտոնյաները  քննարկեցին Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացման և 2019-2023թթ. նոր ռազմավարությանն առնչվող հարցեր:

«Այս ռազմավարությունը  և՛ հասարակական կազմակերպությունների, և՛ միջազգային կառույցների համար բավականին մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Ծրագրի վերաբերյալ հանրային իրազեկման ուղղությամբ գործողությունները բավականին ակտիվ են»,- նշեց ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը:

Դատաիրավական բարեփոխումների փորձագետն, անդրադառնալով լրագրողների ոչ մակերեսային և ավելի հմուտ հոդվածներ գրելուն, նշեց, որ պարտադիր չի երկրում ունենալ բազմաթիվ լրագրողներ, ովքեր լիովին տիրապետում են դատաիրավական համակարգին:

«Գլխավոր լրատվամիջոցներում համակարգին լավ տիրապետող լրագրողներ ունենալը բավական կլինի, որպեսզի հոդվածները գրվեն հավուր պատշաճի»,- շեշտեց Պանեֆը:

Լուսինե Մարտիրոսյանը ներկայացրեց նաև լրագրողական էթիկայի կանոնակարգը՝ փակ հաստատություններում գտնվող անձանց հետ շփման համատեքստում:

«Ես կներկայացնեմ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց հետ շփվելու էթիկայի կանոնակարգը: Ազատազրկված անձի հետ նյութ պատրաստելու ժամանակ պետք է հաշվի առնել մի քանի կետ՝ պետք է խուսափել այդ անձանց անօգնական վիճակը ի ցույց դնող պատկերներից, առանց փակ հաստատություններում գտնվող քաղաքացիների կամ նրանց  օրինական ներկայացուցիչների համաձայնության չի կարելի լուսանկարել և տեսանկարահանել և ձայնագրել: Չի թույլատրվում առանց փակ հաստատություններում գտնվող քաղաքացիների կամ նրանց օրինական ներկայացուցիչների անուններ հրապարակել, կեղծ հույսեր տալ, որ այդ հրապարակմամբ հնարավոր է իրավիճակ փոխել, հրապարակումը սենսացիոն ձևով «փաթեթավորել»»,- ասաց Լուսինե Մարտիրոսյանը և հավելեց, որ պետք է նաև խուսափել նյութում սեփական կարծիքն արտահայտելուց և կենտրոնանալ փաստերն արձանագրելու վրա, բացառել  ավելորդ հուզականությունը:

Դատաիրավական հաղորդակցության փորձագետ Գեորգի Խաչատրյանը խոսեց ոչ ֆորմալ խմբի ստեղծման վերաբերյալ՝ կապի պատասխանատուների, դատական համակարգի պաշտոնյաների և լրագրողների մասնակցությամբ:

«Տվյալ դեպքում կա երեք շահագրգիռ կողմ՝ տեղեկատվություն կրող, այլ պետական գերատեսչություններ և հասարակություն: Գուցե ոչ ֆորմալ խմբի միջոցով տեղեկատվության փոխանակումն ու իրավիճակի քննարկումը կդառնա ավելի արդյունավետ»,- նկատեց Գեորգի Խաչատրյանը և հավելեց, որ այս գործիքի կիրառումը հնարավորություն կտա ապահովել տեղեկատվության լիարժեքությունն ու հասանելիությունը:

Եզրափակելով խոսքը՝ դատաիրավական հաղորդակցության փորձագետն ընդգծեց, որ ոչ ֆորմալ խմբի հիմնական շահագրգիռ կողմը պետք է լինի պետությունը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am