«Հյուսիսիային վահան». լարվածության նոր շրջափուլ իսրայելալիբանանյան հարաբերություններում

Armenpress 17:34, 14 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 4-ից Ւսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) իսրայելալիբանանյան սահմանին նախաձեռնել է «Հյուսիսիային վահան» կոդային անվանումը ստացած հատուկ գործողությունը, որի նպատակն է լիբանանյան «Հիզբալլահ» շիայական արմատական կազմակերպության կողմից կառուցված և դեպի հրեական պետության տարածք տանող ստորգետնյա թունելների հայտնաբերումն ու ոչնչացումը. ինժեներական  աշխատանքներն իրականացվում են հատուկ ռոբոտների, տեխնիկական տարաբնույթ գործիքակազմի միջոցով: Ըստ տարածված հայտարարության՝ ««Հիզբալլահը» տարիներ շարունակ փորել է հարձակման նպատակներ հետապնդող այդ գետնուղիները և հարյուր միլիոնավոր դոլարների գումարներ տրամադրել այդ աշխատանքին` այն դիտարկելով որպես ռազմավարական միջոց` Գալիլեին տիրելու համար: Թունելների նպատակն է երկրի հյուսիսային սահմաններից հարյուրավոր ահաբեկիչներ փոխադրել Իսրայել` շրջափակելու համար երկրի գյուղաքաղաքները և մեր բնակիչներին իրենց բնակարաններում սպանելու, առևանգելու»:

Իսրայելական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ նման գործողության անհարժեշտությունը սահմանվել է դեռևս 2012թ., իսկ դրա իրականացման համար 2014թ. ձևավորվել է հատուկ ստորաբաժանում: Նշվել է նաև, որ «Հյուսիսիային վահանն» իրականացվելու է բացառապես Իսրայելի տարածքում, ինչպես նաև՝ վերջինի վերահսկողության ներքո գտնվող Գոլանի բարձունքներում, մինչդեռ քաղաքական կոալիցիայի որոշ ներկայացուցիչներ չեն բացառել, որ անհրաժեշտության դեպքում մասնավոր գործողություններ կարող են նախաձեռնվել նաև Լիբանանի տարածքում: Հարկ է նշել, որ հրեական պետության իշխանություններն առանձնահատուկ ընդգծել են, որ «Հյուսիսիային վահանը» միտված է ոչ թե Լիբանանի, այլ բացառապես «Հիզբալլահ» կազմակերպության դեմ:

Լիբանանյան կողմը բավական մեղմ է արձագանքել գործողությանը: Վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է, որ «Պետք է գործադրել ԱԽ-ի 1701 բանաձևը, և թունելների հարցը լուծել լիբանանյան բանակի միջոցով: Պետք է պատասխանատվության ենթարկել Իսրայելին՝ բանաձևը խախտելու համար: Չեմ կարծում, որ հարավային Լիբանաում բախումներ տեղի կունենան,  Լիբանանում ոչ ոք պատերազմ չի ցանկանում»: Իսկ «Հիզբալլահը» տևական անտարբերությունից հետո կառույցի ընդհանուր քարտուղար շայիխ Նայիմ Կասիմի շութերով նշել է, որ «Իսրայելի տարածքում չկա մի վայր, որ «Հիզբալլահի» հրթիռների թիրախ չլինի»: Նա նաև վստահաբար պնդել է, որ Նեթանյահուն ներկայում պատրաստ չէ նոր պատերազմ սանձազերծելու:

ԱՄՆ-ն իր աջակցությունն է հայտնել իսրայելական  կողմի գործողություններին. այդ մասին հայտարարել է նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Միևնույն ժամանակ Վաշինգթոնը մերժել է Թել Ավիվի պահանջը` պատիժներ սահմանելու Լիբանանի և լիբանանյան բանակի դեմ՝ որպես պատասխանատու «Հիզբալլահի» գետնուղիների, ինչպես նաև ՄԱԿ-ի ԱԽ-ի 1701 բանաձևի դրույթները խախտելու համար:

Դեկտեմբերի 8-ին Բենյամին Նեթանյահուն Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում մանրամասներ է ներկայացրել գործողության մասին, իսկ դեկտեմբերի 12-13-ին Մոսկվա այցելած իսրայելական ԶՈւ-ի պատվիրակությունը նույն թեման մանրամասն քննարկել է նաև ռուս գործընկերների հետ՝ նպատակ ունենալով նաև կարգավորել ս.թ. սեպտեմբերին Սիրիայում ռուսական հետախուզական ինքնաթիռի խոցումից հետո սրված երկկողմ հարաբերությունները: Մոսկվան ընդգծել է հատուկ գործողության իրականացման ընթացքում ՄԱԿ-ի ԱԽ-ի 1701 բանաձևի դրույթները խստորեն պահպանելու կարևորությունը, որը սահմանում է կողմերի վարքը «կապույտ գծի»(2000թ. Իսրայելի և Լիբանանի միջև հաստատված սահմանագիծը):

Հատուկ գործողության մասին իսրայելական կողմը պաշտոնապես իրազեկել է նաև իսրայելալիբանանյան սահմանին խաղաղապահական գործառույթներ իրականացնող  ՄԱԿ-ի ժամանակավոր առաքելությանը(UNIFIL), որի ներկայացուցիչները պարբերաբար քննարկում են թեման կողմերի ռազմաքաղաքական ղեկավարության հետ:

Դեկտեմբերի 14-ի դրությամբ իսրայելական կողմը հայտարարել է 3 թունելների հայտնաբերման մասին, ինչպես նաև ընդգծել, որ գործողությունը կիրականացվի մինչև «Հիզբալլահի» կողմից կառուցված բոլոր գետնուղիների հայտնաբերումն ու ոչնչացումը: Օրինակ, հայտնաբերված առաջին թունելը Իսրայելի տարածքում ուներ 40մ. երկարություն:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ լիբանանյան մամուլում շրջանառվել է նաև այն տեսակետը, որ թունելների կառուցումը, որպես Իսրայելի դեմ հնարավոր դիմակայության ընթացքում ռազմավարական լուրջ գործոն, կարևորել է նաև Իրանը՝ ծրագրի իրականացման համար ներդնելով 4 մլրդ դոլար: Այս թեզն է շրջանառել նաև ՑԱՀԱԼ-ի մամուլի պատասխանատու Ա. Էդրային՝ նշելով, որ թունելների մասին ամբողջ տեղեկատվությունն Իսրայելին է տրամադրել «Հիզբալլահի» նախկին հրամանատարներից Բադր ալ-Դինը, ով սպանվել է Սիրիայում, հնարավոր է, իրանցիների ձեռամբ՝ դավաճանության մեղադրանքով:

Միևնույն ժամանակ բավական կարևոր է վերլուծել անակնկալ սկսված գործողությունն Իսրայելի ներքաղաքական զարգացումների համատեքստում: Բանն այն է, որ դրա մեկնարկը ժամանակային առումով համընկավ վարչապետ Նեթանյահուի համար բավական բարդ շրջափուլի հետ, երբ իսրայելապաղեստինյան հակամարտության վերջին թեժացման ընթացքում իսրայելական կողմն ակնհայտորեն ընկրկեց, ինչը պատճառ դարձավ նախկին ՊՆ Ավիգդոր Լիբերմանի հրաժարականի և իշխող կոալիցիան լքելու՝ դրանով իսկ իշխող կոալիցիային կանգնեցնելով փլուզման վտանգի առջև: Բացի այդ, նույն ժամանակահատվածում իսրայելական ոստիկանությունը հրապարակեց սեփական եզրակացությունը՝ վարչապետ Նեթանյահուին մեղավոր ճանաչելով կոռուպցիոն բնույթ ունեցող «4000-ի» գործի առնչությամբ, որն էականորեն կարող է ազդել նրա հետագա քաղաքական կարիերայի վրա: Հետևաբար չի բացառվում նաև, որ երկրի հյուսիսում՝ արդեն Լիբանանի հետ սահմանին, ոչ այնքան օրակարգային և ոչ այնքան վտանգավոր գործողության նախաձեռնմամբ Իսրայելի վարչապետը փորձում է հասարակության ուշադրությունը շեղել ներքաղաքական գործընթացներից՝ զուգահեռաբար նպատակ ունենալով վերականգնել ընկրկված հեղինակությունն անվտանգային հարցերով և կոռուպցիոն մեղադրանքներով պայմանավորված՝ հատկապես 2019թ. սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:

Արմեն Պետրոսյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am