Վալերի Սեմերիկովը ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ շնորհավորական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին

Armenpress 23:25, 13 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի, թույլ տվեք անկեղծորեն շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ:

Ընտրական գործընթացի կազմակերպման բարձր մակարդակը, քվեարկության նախապատրաստման և անցկացման ընթացքում քաղաքական ուժերի դրսևորած պատասխանատվության զգացումը վկայում են ժողովրդավարության իդեալներին Հայաստանի ժողովրդի հանձնառության մասին:

Ձեր գլխավորած «Իմ քայլը» դաշինքին ընտրողների ցուցաբերած անվերապահ աջակցությունը համոզիչ ապացույցն է այն վստահության, որ վայելում է Հայաստանում Ձեր հայտարարած բարեփոխումների ուղղությունը ու նաև ապացույցն է դրանց իրագործմանն ակտիվ մասնակցելու այն պատրաստակամության, որ ունի Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը:

Համոզված ենք, որ Հայաստանի կառավարությունը կշարունակի ակտիվ աշխատանքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համակողմանի ամրապնդմանն աջակցելու, ՀԱՊԿ անդամ պետությունների միջև իրական դաշնակցային հարաբերությունները պահպանելու ուղղությամբ:

Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք լավագույն բարեմաղթանքներս: Մաղթում եմ Ձեր պատասխանատու աշխատանքում մեծ հաջողություններ, քաջառողջություն և անձնական երջանկություն»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am