Ռուս գրող Անդրեյ Բիտովի աճյունը հողին կհանձնեն Սանկտ Պետերբուրգում

Armenpress 21:06, 13 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս գրող Անդրեյ Բիտովի աճյունը հողին կհանձնեն դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Սանկտ Պետերբուրգի գրողների միության նախագահ Վալերի Պոպովը:

Նա հայտնել է, որ այնուհետև Նաբոկովի թանգարանում կկազմակերպվի Բիտովի հիշատակին նվիրված հուշ-երեկո:

Բիտովը մահացել է դեկտեմբերի 3-ին հիվանդանոցում ՝ երկարատեւ հիվանդությունից հետո: Նա 81 տարեկան էր:

Անդրեյ Բիտովը ռուս գրականության մեջ պոստմոդերնիզմի հիմնադիրներից մեկն է: Նա ծնվել է 1937 թվականին Լենինգրադում (ներկայիս սանկտ Պետերբուրգում): Բլոկադայի ժամանակ տարհանվել է Ուրալ, հետո` Տաշքենդ: 1955-62 թթ., բանակում ծառայելու ընդմիջումով, սովորել է Լենինգրադի լեռնային ինստիտուտում: Գրել սկսել է 1956 թվականից: Պատմվածքների առաջին ժողովածուն` «Մեծ գունդ» վերնագրով (1963 թ.), խստորեն քննադատվել է: Սակայն Բիտովի գրքերը շարունակում էին լույս տեսնել: 1979 թ-ին նա դառնում է «Մետրոպոլ» չգրաքննվող ալմանախի հիմնադիրներից մեկը:

Նա «Հայաստանի դասերը» գրքի համար դարձել է «Յասնայա պոլյանա» գրական մրցույթի հաղթողը «Ժամանակակից դասականներ» անվանակարգում:

«Հայաստանի դասերը» գիրքը գրվել է ավելի քան 40 տարի առաջ: Այն ժամանակ Բիտովը ԽՍՀՄ գրողներից առաջինն էր, որ բացահայտ խոսեց Հայոց ցեղասպանության մասին և դատապարտեց այն:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am