1000х90.jpg (78 KB)

Ավտոմեքենայի առք ու վաճառքով զբաղվողները բողոքում են հարկային պարտավորություններից. ՊԵԿ-ը հորդորում է ուղարկել գրավոր առաջարկներ

Armenpress 19:20, 13 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավտոմեքենայի առք ու վաճառքով զբաղվող ֆիզիկական անձինք բողոքում են նույն տարում երկրորդ մեքենան վաճառելու համար սահմանված եկամտահարկից: Այդ մարդիկ նշում են, որ նախապես տեղեկացված չեն եղել նոր օրենսդրական փոփոխությունից: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող մարդկանց հորդորել է գրավոր տարբերակով ձևակերպել առաջարկն ու ներկայացնել: «Արմենպրես»-ն օրենսդրական նախաձեռնության և խնդրի մասին խոսել է ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ Հրաչյա Մուրադյանի հետ:

«Հարկային օրենսգիրքն ընդունվել է 2016թ-ի հոկտեմբեր ամսին, սակայն այն ուժի մեջ է մտել 2018-ի հունվարի մեկից: Մինչ 2018-ի հունվարի 1-ը  երկրորդ մեքենաների օտարման համար եղել է ավելացված արժեքի հարկի հաշվարման մեխանիզմ, սակայն այն Հարկային օրենսգրքով փոխարինվել է եկամտային հարկով։ Ասվում է, որ եթե նույն հարկային տարում՝ հունվարի 1-դեկտեմբերի 31-ն անձը երկու մեքենա է ձեռք բերում և երկուսն էլ օտարում է, ապա երկրորդի մասով առաջանում է եկամտային հարկի պարտավորություն՝ 20 տոկոսի չափով: Երբ անձը նույն տարվա մեջ երկու գույք է ձեռք բերում և օտարում, ապա օրենսդրությունը այդ երևույթի անունը դնում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի օտարում»,- շեշտեց Մուրադյանն ու հավելեց՝ օրենսգիրքն ասում է, որ եթե բիզնեսով են զբաղվում, ապա պետք է հանդես գան որպես բիզնես-սուբյեկտ:

Դիտարկմանը, որ ավտոմեքենայի առք ու վաճառքով զբաղվողներն ասում են՝ իրենք չեն խուսափում հարկից, պարզապես ցանկանում են, որ լինի ֆիքսված հարկ, որը կվճարեն, նա ասաց՝ նրանց առաջարկածը տարբերակ է, որը կարելի է քննարկել: Սակայն, դա անպայման ենթադրում է օրենսգրքում համապատասխան փոփոխությունների կատարում: «Եթե ՊԵԿ-ը, Ֆինանսների նախարարությունը, Կառավարությունը դա ընդունեն և ԱԺ-ն հավանություն տա, ապա այդ մեխանիզմը հնարավոր կլինի իրագործել: Պատրաստակամ ենք քննարկել: Խնդրել ենք, որ իրենց պահանջը գրավոր ձևակերպեն»,- նշեց Մուրադյանը:

Բողոքի ակցիա իրականացնողներն ասում էին, թե իրենց նախապես չեն տեղեկացրել օրենսդրական այդ փոփոխության մասին։ Այսդ առնչությամբ Մուրադյանն ասաց, որ իրենք անհատական իրազեկումներ իրականացնելու պարտականություն չունեն։ «Եթե այդպես լիներ, ապա ՀՀ բոլոր քաղաքացիներին անհատապես պիտի իրազեկեինք, որովհետև չգիտեինք, թե ով մեքենա կբերեր ու կվաճառեր: Լայնածավալ իրազեկման աշխատանքներ իրականացվել են Հարկային օրենսգրքի ընդունումից հետո: Կարծում եմ՝ յուրաքանչյուր քաղաքացի պիտի իրազեկված լիներ»,- նկատեց նա:

Պաշտոնյան շեշտեց, որ ՊԵԿ-ը պարզապես վարչարարություն իրականացնող մարմին է: Եվ ՊԵԿ-ն իրականում ծանուցել է այդ անձանց, որ իրենց կատարած գործարքների մասով հարկային պարտավորություններ ունեն և մինչ հաջորդ տարվա ապրիլի 20-ը պետք է ներկայացնեն հաշվարկներ ու վճարեն գործարքից առաջացած հարկերը: ՊԵԿ-ը վարչարարություն իրականացնող, ոչ թե օրենսդիր մարմին է և չի կարող հարկային օրենսգրքի դրույթները չկատարել:

Մուրադյանը նաև նկատեց՝ խնդրի լուծումը կարող է լինել միայն օրենսդրական փոփոխությունների հիման վրա՝ այսինքն` Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելով։ ՊԵԿ-ը լիազորված  չէ հարկերը զրոյացնել կամ փոփոխություններ կատարել: Առաջարկությունները պետք է ուղարկեն Ֆինանսների նախարարությանը:

Մեքենաների առք ու վաճառքով զբաղվող անձինք նոյեմբերի 13-ին բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց: Նրանք դեմ էին օրենսդրական դրույթին, առաջարկում էին, որ ամեն մեքենայի համար հաստատագրված արժեք սահմանվի, նաև նշում էին, որ իրենք հարկերից չեն խուսափում:

Աննա Գրիգորյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am