1000х90.jpg (78 KB)

Ինչպես կազդի Մակրոնի ուղերձը ֆրանսիացի ցուցարարների վրա

Armenpress 18:43, 13 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Օրերս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի քաղաքացիներին ուղղված տեսաուղերձի ժամանակ հայտարարել է արտակարգ տնտեսական և սոցիալական դրություն մտցնելու մասին։ Նշենք, որ նախագահը նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ «դեղին բաճկոնավորները» (ֆրանսիացի ակտիվիստներն իրենց դժգոհություններն արտահայտելու համար ցույցերին մասնակցում են դեղին բաճկոններով, այդ իսկ պատճառով բողոքի ակցիան ստացել է «Դեղին բաճկոնավորների շարժում» անվանումը) հրաժարվելով Ֆրանսիայի իշխանությունների կողմից բենզինի և դիզվառելիքի գների աճի նկատմամբ սահմանված վեց ամսյա մորատորիումից, շարունակել են բողոքի ակցիաները։ Ի սկզբանե այդ ակցիաներն ուղղված էին դիզելային վառելիքի և բենզինի գների թանկացման դեմ, սակայն ցուցարարների պահանջներն աստիճանաբար աճել են և առաջ են քաշվել ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ քաղաքական բնույթի նոր պահանջներ.

նվազագույն աշխատավարձի բարձրացում (դարձնելով 1.300 եվրո), թոշակի անցնելու տարիքի նվազեցում (60 տարեկան), աջակցություն գործազուրկներին, բնակարանային հարկերի նվազեցում, նախագահի հրաժարականը և այլն։

Եթե ցուցարարների թիվը բողոքի ակցիաների առաջին օրերին տարբեր հաշվարկներով կազմում էր մոտ 282.000, ապա արդեն դեկտեմբերի 8-9-ին՝ շուրջ 125.000։ Թեև նկատվում է ցուցարարների թվի նվազման միտում, այնուամենայնիվ ձերբակալվածների թիվը գնալով ավելի է մեծանում։ Ցույցերի առաջին օրերին ձերբակալվածների թիվը հասնում էր մի քանի հարյուրի, իսկ դեկտեմբերի 8-9-ն ընկած ժամանակահատվածում՝ 1723։ Ավելին, բողոքի ակցիաների ընթացքում զոհերի թիվը հասել է 6-ի։

Բողոքի ակցիաներն ուղեկցվում են ոստիկանության և ցուցարարների միջև բախումներով: Բացի այդ ցուցարարները փակում են ճանապարհներ, այրում են ավտոմեքենաներ և կոտրվում շինությունների ապակիներ։ Ակցիաների ընթացքում վնասվել է նաև Փարիզի Հաղթական կամարը, որի վնասը գնահատվում է ավելի քան 1 մլն եվրո։ Ավելին, Փարիզի քաղաքապետարանի հայտարարության համաձայն, միայն Փարիզին հասցված նյութական վնասը գերազանցում է 4 մլն եվրոն։ Ըստ էության, բողոքի ցույցերը բավական լուրջ ֆինանսական հարված են հասցրել Ֆրանսիայի տնտեսությանն, ինչի մասին արդեն հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո լե Մարեն։ Տարբեր հաշվարկներով երկրին հասցված վնասը գերազանցում է մեկ միլիարդ եվրոն։

Երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց հայտարարություններով հանդես են եկել նաև պետական տարբեր գերատեսչությունների (նախարարություններ, ոստիկանություն, քաղաքապետարաններ և այլն) ղեկավարներ։ Իրավիճակի հետագա սրումը կանխելու նպատակով Ֆրանսիայի վարչապետն իր հայտարարություններից մեկի ժամանակ նշել է, որ անհրաժեշտության դեպքում երկրում կարող է հայտարարվել անգամ արտակարգ դրություն:

Մակրոնը, հանրությանն ուղղված իր ուղերձում, խոսելով երկրում արտակարգ տնտեսական և սոցիալական դրության մասին, նշել է, որ 2019թ. մայիսից Ֆրանսիայում նվազագույն աշխատավարձն ավելանալու է 100 եվրոյի չափով, հավելյալ աշխատանքային ժամերն, ինչպես նաև արտաբյուջետային պարգևավճարները չեն հարկվելու, իսկ ամսական 2000 եվրոյից պակաս թոշակ ստացող քաղաքացիները հնարավորություն են ստանալու օգտվել հարկային հատուկ արտոնություններից և այլն։ Նախագահի պնդմամբ՝ կառավարությունն անելու է հնարավորինս, որպեսզի տարբեր ոլորտներում ստեղծվեն նոր աշխատատեղեր, ավելի զարգանա արդյունաբերությունը, բարեփոխվի թոշակային և սոցիալական աջակցության համակարգը՝ այն դարձնելով ավելի թափանցիկ և արդար, իսկ հարկային խարդախությունների դեմ պայքարը լինի ավելի արդյունավետ և այլն։  

Հատկանշական է, որ Ֆրանսիայում սոցիալ-տնտեսական փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ Մակրոնի տեսաուղերձը բավական կարևոր քայլ էր երկրում ստեղծված իրավիճակը մեղմելու համար։ Դրա մասին են վկայում, օրինակ՝ OpinionWay ընկերության՝ տարբեր խնդիրների վերաբերյալ հարցման տվյալները։ Համաձայն արդյունքների՝ հարցվածների 60-78%-ը դրական է գնահատել Ֆրանսիայի նախագահի կողմից հնչեցված հակաճգնաժամային միջոցառումներ իրականացնելու նախաձեռնությունը։ Ընդ որում, ուշագրավ է նաև այն, որ Մակրոնի տեսաուղերձից հետո ցուցարարների՝ «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաները շարունակելու վերաբերյալ տեսակետը գրեթե կիսվել է, մասնավորապես հարցվածների 54%-ը կողմ է հանդես եկել ցույցերը դադարեցնելուն, իսկ 45%-ը՝ դեմ։

Ըստ էության, Ֆրանսիայում տեղի ունեցող բողոքրի ցույցերը և դրանց արդյունքում ստեղծված իրավիճակը առաձնահատուկ են առնվազն 2 կարևոր պատճառով:

Նախ, Ֆրանսիայում ներքաղաքական իրավիճակի սրմամբ. ձերբակալվածների թիվը աննախադեպ է, ոստիկանների կողմից արդեն սկսվել էր կիրառվել զրահատեխնիկա, իսկ ցուցարարները, չդադարեցնելով ակցիաները, առաջ են քաշում նաև նախագահի հրաժարականի պահանջներ:

Երկրորդ, թեև «Դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաները սկիզբ էին առել Ֆրանսիայում, բայց ներկայումս համանման ցույցեր իրականացվում են եվրոպական այլ պետություններում ևս՝ Բելգիա, Շվեդիա, Գերմանիա, Մոնտենեգրո և այլն։ Ցուցարարների մի մասը հանդես է գալիս ի աջակցություն Ֆրանսիայի ցուցարարների, իսկ մյուս մասն առաջ է քաշում սոցիալ-տնտեսական և քաղաքական բնույթի տարբեր պահանջներ՝ հավելյալ մարտահրավերներ առաջացնելով ինչպես վերը նշված պետությունների, այնպես էլ ընդհանրապես ԵՄ-ի համար։

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Մակրոնի կողմից խոստացված փոփոխություններն ուղղված են ոչ միայն երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելուն, այլ նաև Մակրոնի վարկանիշի բարձրացմանը (իհարկե, դրանք կյանքի կոչելու պարագայում)։ Ավելին, դա կարևոր քայլ է նաև ԵՄ համար, քանի որ վերջին շրջանում «դեղին բաճկոնավորների» համանման ցույցեր իրականացվում են նաև ԵՄ անդամ այլ պետություններում։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ բողոքի ակցիաները առավել ակտիվ են հատկապես հանգստյան օրերին, ուստի, առաջիկա օրերին պարզ կդառնա՝ արդյոք Մակրոնի տեսաուղերձը ազդել է քաղաքացիների վրա, թե ոչ։

Վահագն Չիֆլիկյան

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am