Արկածներով լի մանկական ամանորյա ֆիլմ. կինոսերներին ներկայացվում է հայկական «Ձյունանուշ»-ը

Armenpress 18:08, 13 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մոսկվա կինոթատրոնում  պրեմիերա է, կինոսերներին է ներկայացվում առաջին հայկական մանկական ամանորյա հեքիաթ-ֆիլմը՝ «Ձյունանուշ»-ը:

 «Հայասա ֆիլմ» ընկերության հիմնադիր, «Ձյունանուշ» ֆիլմի ռեժիսոր Արմեն Սիմոնյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ ֆիլմի նկարահանումները սկսվել են նախորդ ձմռանը:

«Նկարահանման աշխատանքները տևել են շուրջ մեկ տարի: Այն արկածային կատակերգություն է, արդեն պատրաստ է և ներկայացնում ենք հանդիսատեսին: Ամբողջ պատմությունը Ամանորի հետ է կապված, ֆիլմի հերոսները անցնում են արկածներով լի ճանապարհ: Դերասանները նաև երեխաներ են, ունենք Ձմեռ պապ, Ձյունանուշ»,- նշեց Արմեն Սիմոնյանը:

Դերասանուհի Շուշան Թովմասյանը նշեց, որ այս ֆիլմն Ամանորին ընդառաջ հետաքրքիր նվեր կլինի փոքրիկների համար: Նա ընդգծեց, որ ամբողջ կազմը փորձել է առավելագույնը ներդնել ընդհանուր աշխատանքում:

«Կարծում եմ, որ ֆիլմում ներգրավված բոլոր մարդկանց համար սա տոն է: Ինձ համար հատկապես տոն է, որովհետև սա առաջին գեղարվեստական ֆիլմն է, որում ես նկարահանվեցի: Սա ինձ համար անդրանիկ փորձ է: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ոչինչ չեն խնայել լավ ֆիլմ ստանալու համար: Հուսով եմ՝ ավելի շատ կստեղծվեն նման ֆիլմեր: Ուզում եմ ընդգծել երեխաների հետ աշխատանքը. նրանք բավական տաղանդավոր են, և որևէ դժվարություն չեղավ»,- ասաց Շուշան Թովմասյանը:

Ֆիլմի բեմադրող օպերատոր Վարդգես Մանուկյանը պատմում է, որ մինչ նկարահանումները փոքր-ինչ մտահոգվում էր. ի վերջո պետք է աշխատեր երեխաների հետ, մանավանդ, օրեր կային, որ նկարահանումներ պետք է կատարվեին ձմռանը, գիշերվա ժամերին:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

«Աշխատանքներն այնքան ջերմ մթնոլորտում էին անցնում, որ բոլոր դժվարությունները շատ արագ հաղթահարվում էին: Իսկապես տպավորված եմ, մենք դարձել էինք ընտանիք, նկարահանման հրապարակն էլ մեր տունն էր: Շատ ուրախ եմ, որ այս թիմի հետ աշխատեցի։ Կարծում եմ՝ լավ ֆիլմ է ստացվել»,- ընդգծեց Վարդգես Մանուկյանը:

Ֆիլմի նկարահանման աշխատանքների մասին մեծ ոգևորությամբ էին պատմում երեխաները: Անահիտ Այվազյանը, Էլեն Կարապետյանն ու Ալեքսանդր Մանուկյանը տպավորված են ամռանը կատարված նկարահանումներով, ավագ դերասանների հետ աշխատանքով:  

«Ես շատ ուրախ եմ, որ նկարահանվել եմ այս ֆիլմում: Նկարահանման աշխատանքները բավական տպավորիչ էին: Ինձ համար հետաքրքիրն այն էր, որ ես լողալ չգիտեմ, բայց պետք է ցատկեի լողավազան: Անդրանիկ Հարությունյանի հետ դա արեցինք, ու, կարծես, լավ ստացվեց»,- ասաց Էլեն Կարապետյանը:

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը նշեց, որ Հայաստանում երեխաների համար շատ քիչ են ֆիլմեր ստեղծվում: Եվ ցանկացած նման նախաձեռնություն, ըստ նրա, շատ ողջունելի է:

«Երբ սցենարին ծանոթացա, շատ ուրախացա։ Իսկապես հաճելի է նման հետաքրքիր մանկական ֆիլմում նկարահանվելը: Ֆիլմն ուսուցողական է այն իմաստով, որ երեխաների մեջ պետք է երկար ժամանակ պահել այդ հեքիաթը: Շնորհակալություն եմ ուզում հայտնել Արմենին, ով ստանձնել է այդ ծանր գործը, որովհետև երեխաներին խաբել մի քիչ վտանգավոր է ու դժվար: Ամեն ինչ արվել է, որ լավ ֆիլմ ստացվի։ Կարծում եմ, որ հաջողվել է»,- ասաց Լուիզա Ներսիսյանը:

Ֆիլմի սցենարի համահեղինակ և ռեժիսորի ասիստենտ Ռազմիկ Մինասյանը տեղեկացրեց, որ ֆիլմը էկրաններին կմնա մինչև հունվարի 13-ը, դրանից հետո ցուցադրություններն արդեն կապված կլինեն պահանջարկից:

Մոտակա օրերին ֆիլմը բոլոր մանկատներում կցուցադրվի անվճար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am