ՔԿՀ-ներում պատշաճ բուժսպասարկման և առողջապահության հարցերը ամենախնդրահարույցներից են

Armenpress 16:07, 13 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում ամենախնդրահարույց հարցերից մեկը շարունակում է մնալ պատշաճ բուժսպասարկումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը:

«Ազատազրկված անձանց պատշաճ բուժսպասարկմամբ ապահովելը դեռևս շարունակում է մնալ ամենակարևոր խնդիրներից մեկը: Մեր խումբը 2017 թվականին ընդհանուր առմամբ 80 այցելություն է ունեցել ՔԿՀ-ներ, և այդ ընթացքում քննարկվել ու բարձրաձայնվել են տարբեր հարցեր: Բուժսպասարկման ոլորտի հետ կապված՝ Արդարադատության նախարարությանը ներկայացվել է թվով 23 գրություն: 2018 թվականին մինչև նոյեմբեր ամիսը մենք ունեցել ենք շուրջ 70 այցելություն և՛ ահազանգերի հիման վրա, և՛ պլանային»,- նշեց Հասմիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ մինչև դեկտեմբեր ամիսը միայն բուժսպասարկման հարցերով խմբի կողմից ներկայացվել է մոտ 41 գրություն, և որոնց վերաբերյալ ստացվել են նաև պատասխաններ:

«Որոշ հարցեր ինչ-ինչ պատճառներով մնացել են անլուծելի, որոշներն էլ արդեն լուծվել են: Հարցեր կան, որոնք այժմ գտնվում են լուծման փուլում: Ստացված ահազանգերից յուրաքանչյուր 2-րդը կապված է բուժսպասարկման հետ»,- ընդգծեց դիտորդների խմբի նախագահը:

Ներկայացնելով 2017 թվականի արդյունքների ամփոփումը՝ Հարությունյանը նշեց, որ հիմնական ուսումնասիրությունները կատարվել են բժշկական, կադրային, դեղորայքային հագեցվածության ուղղությամբ, ինչպիսի հիվանդություններից են բողոքում, և ինչ հնարավորություններ կան այդ հարցերին լուծումներ տալու հետ կապված: 

«Գրեթե նույն խնդիրները արձանագրվել են նաև 2018 թվականին: Ծանր հիվանդության հիմքով պատժից ազատման ինստիտուտը դեռևս ոչ լիարժեք է գործում: Կա նաև մեկ այլ կարևոր խնդիր՝ մի խումբ հիվանդություններ կան, մասնավորապես, սրտի, ճնշման հետ կապված, որոնց վերաբերյալ բազմաթիվ բողոքներ են լինում, սակայն լուծումներ ամբողջությամբ չեն տրվում: Դրա պատճառը հիմնականում հանդիսանում է բժշկական հագեցվածության բացակայությունը, ՔԿՀ-ներում ժամանակին պատշաճ բուժօգնություն տրամադրել չկարողանալը: Դեպքեր են լինում նաև, որ ՔԿՀ-ում պահվող անձին տեղափոխում են քաղաքացիական հիվանդանոց, իսկ նա չի կարողանում հոգալ ծախսերը, պետության կողմից նույնպես այդ հնարավորությունները բավարար չեն լինում»,- նշեց Հարությունյանը:

Այս բոլոր խնդիրները, ինչպես նաև ինքնավնասումների հարցը, ազատությունից զրկված անձի վերաբերյալ բժշկական թղթերի պատճենների չտրամադրման հետ կապված բողոքները, հաշմանդամության կարգի տրամադրման ու հաշմանդամություն ունեցող անձանց համար բավարար պայմաններ ստեղծելու, ինչպես նաև հացադուլով պայմանավորված օրգանիզմի հյուծման հարցերը հիմնականում ստացվել են Նուբարաշեն և Արմավիր ՔԿՀ-ներից:

«Յուրաքանչյուր ՔԿՀ-ից 10-ական գրություն ներկայացվել է Արդարադատության նախարարություն»,- ասաց ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am