Մեկնարկել է տիեզերական համագործակցության հարցերով 9-րդ խորհրդակցությունը

Armenpress 16:01, 13 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում դեկտեմբերի 13-ին մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների գործադիր մարմինների ներկայացուցիչների տիեզերական համագործակցության հարցերով 9-րդ խորհրդակցությունը, որն անցկացվում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հովանու ներքո: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն անդրադարձել է Հայաստանի տիեզերական ծրագրի հեռանկարներին, Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև 2016թ. ապրիլի 7-ին ստորագրված համաձայնագրի շրջանակներում տիեզերական տարածությունը խաղաղ նպատակներով օգտագործելու հնարավորություններին։

Նա ընդգծել է այն կարևոր նշանակությունը, որ ունի նման միջոցառումների անցկացումը այս ոլորտում համագործակցությունն ընդլայնելու ճանապարհին։

Խորհրդակցության մասնակիցներին ողջունել է նաև «Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Սավելևը։ Նա խոսել է տնտեսության տարբեր ճյուղերում տիեզերական տեխնոլոգիաների ունեցած դերակատարության մասին, ինչն իր ազդեցությունն է թողնում տնտեսության զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման վրա։

Երկօրյա խորհրդակցության ընթացքում կներկայացվեն զեկույցներ՝ ԱՊՀ տարածքում տեղակայված աստղադիտարանները տիեզերական տարածության տարբեր հետազոտությունների համար օգտագործելու հնարավորությունների, GLONASS կապի ազդանշանային համակարգն օգտագործող ԱՊՀ մասնակից պետությունների միջև փոխգործակցության զարգացման և մի շարք այլ թեմաներով։ 
Տիեզերական համագործակցության հարցերով 9-րդ խորհրդակցությանը մասնակցում են ԱՊՀ մասնակից պետությունների գործադիր մարմինների շուրջ 60 ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Բելառուսից։


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am