Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայաստանի և Արցախի գինիներին նվիրված միջոցառումներին

Armenpress 18:36, 12 Դեկտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 11-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացավ Հայաստանի և Արցախի գինիների համտես-երեկո՝ Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի նախագահ Գի Տեսիեի (Guy Teissier) նախաձեռնությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ, ֆրանսիացի և ֆրանսահայ հասարակական, մշակութային գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և ֆրանսահայ համայնքի անդամներ:

Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ Գի Տեսիեն իր ուրախությունն արտահայտեց առաջին անգամ, Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայաստանից և Արցախից բերված գինիների ներկայացման կապակցությամբ ինչպես նաև հույս հայտնեց, որ միջոցառումը կօժանդակի հայկական գինիների՝ Ֆրանսիայում առավել մեծ ճանաչմանը: Նա ընդգծեց նաև, որ հաճելի է, որ Հայաստանի անկախությունից ի վեր և հատկապես վերջին տարիներին գինեգործությունը նոր վերելք է ապրում և հայկական գինին վերագտնում է ինչպես իր ավանդական որակը, այնպես էլ արժանի տեղը հայկական հյուրընկալ սեղանին:

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը իր խոսքում հիշեցրեց, որ Հայաստանը, ըստ աստվածաշնչյան պատումի և նաև հույն պատմիչների, համարվում է խաղողագործության և գինեգործության բնօրրանը։ Այդ փաստը հաստատվում է նաև Հայաստանի տարածքում վերջերս տեղի ունեցած հնագիտական ուսումնասիրություններով և Արենի գյուղի մերձակայքում աշխարհի հնագույն՝ ավելի քան վեցհազարամյա պատմություն ունեցող գինեգործական հնձանի հայտնաբերմամբ։ Ընդգծվեց, որ եզակի էնդեմիկ տեսակներից պատրաստված հայկական գինիները սկսում են մեծապես գնահատվել մասնագետների կողմից և իրենց արժանի տեղը գրավել համաշխարհային գինեգործական ժառանգությունում։  

Երեկոյի ընթացքում ներկաները համտեսեցին՝ հայաստանյան «Տակառ», «Կուռ», «Ոսկենի» ինչպես նաև արցախյան «Կատարո» և «Տակրի» գինիները:

 Դեկտեմբերի 6-ին «Հայկական գինին, այսօր և երեկ, 6000-ամյա գինեգործության ավանդույթները» խորագրով գիտաժողով էր տեղի ունեցել Փարիզի 9-րդ թաղամասի քաղաքապետարանում: Միջոցառման բացման ելույթներով հանդես էին եկել Փարիզի 9-րդ թաղամասի քաղաքապետ Դելֆին Բուրկլին, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի 9-րդ թաղամասի քաղաքապետի տեղակալ Ալեքսի Գովճեանը: Գիտաժողովին հայկական գինեգործության հարուստ ավանդույթներին, պատմությանը և հեռանկարներին նվիրված ծավալուն և հանգամանալից ելույթով հանդես էր եկել ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը, ինչպես նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը: Գիտաժողովին հետևել էր գինիների համտեսումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am