1000х90.jpg (78 KB)

Արցախի Ազգային ժողովի նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Armenpress 15:43, 12 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱն, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 12-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, հանձնաժողովային քննարկումներում դրական եզրակացություն ստացած օրինագծերի վերաբերյալ մշտական հանձնաժողովների նախագահները տվել են պարզաբանումներ:

ԱԺ նախագահի ներկայացմամբ՝ առաջիկա հերթական նիստի օրակարգում դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի, Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովների նիստերում դրական եզրակացություն ստացած՝ «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ինչպես նաև «Ոստիկանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերը (վերջինս՝ փաթեթով) ընդգրկվել են առաջիկա հերթական նիստի օրակարգում:

Աժ կանոնակարգ օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ հերթական նիստում, ըստ նախապես հաստատված ժամկետացանկի, կքննարկվի նաև «Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը: Խորհրդակցությանը անդրադարձ է կատարվել նաև ԱԺ 8-րդ նստաշրջանում շրջանառության մեջ գտնվող օրենքների նախագծերին և դրանց քննարկման ժամկետներին:

Ամփոփելով աշխատանքային խորհրդակցության արդյունքները՝ ԱԺ նախագահը հայտարարել է, որ ԱԺ 8-րդ նստաշրջանի հերթական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին ժամը 11:00-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am