Սեւան քաղաքում իրականացվել են բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման աշխատանքներ

Armenpress 11:36, 12 Դեկտեմբեր, 2018

ԳԱՎԱՌ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Սեւան քաղաքում այս տարվա ընթացքում թվով 17 բազմաբնակարան շենքերում բնակիչ-համայնքապետարան համագործակցության արդյունքում կատարվել են տանիքների նորոգման աշխատանքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, բազմաբնակարան շենքերի, մանավանդ վերջին հարկում ապրողների համար, տանիքների անմխիթար վիճակը դարձել էր օրախնդիր, որն ահագնանում էր անձրևների ու ձյան հալոցքի ժամանակ: Համայնքի կողմից համաֆինանսավորմամբ իրականացված այս եւ բնակֆոնդի պահպանությանն ուղղված այլ ծրագրերը լինելու են շարունակական եւ ներառվելու են տարեկան աշխատանքային պլանում: «Սեւանում կառուցված ամենաերիտասարդ շենքերը հատում են 40 տարվա շեմը:

Շենքերի շահագործման այս տասնամյակները հուշում են, որ բնակֆոնդի պահպանության խնդիրներն էլ պետք է քիչ չլինեն: Խնդիրների այս փնջում առաջիններից է տանիքիների վիճակը, որն անհանգստացնում է ե՛ ւ բնակչին, ե՛ւ տեղական ինքնակառավարման մարմնին: Չնայած համայնքի բազմաբնակարան շենքերն ընդգրկված են համատիրությունների կազմում, իսկ «Համատիրությունների մասին» ՀՀ օրենքն էլ ամրագրում է, որ ընդհանուր օգտագործման շինությունները` շենքերի մուտքեր, տանիք, վերելակ, ձեղնահարկ եւ այլն, համատիրության անդամների ընդհանուր սեփականությունն են, սակայն Սեւանի համայնքապետարանն արձագանքում է նման յուրաքանչյուր խնդրի, ըստ անհրաժեշտության էլ կատարում է ֆինանսական ներդրում բնակֆոնդին վերաբերող այս կամ այն խնդիրը լուծելու համար:

Բնակիչ-համայնք համագործակցության շնորհիվ այս տարի էլ, ի թիվս մի շարք ընթացիկ աշխատանքների, շատ են կազմում այն շենքերը, որտեղ իրականացվել են տանիքների մասնակի վերանորոգման աշխատանքներ: Մասնավորապես` վերջին ամիսներին Նաիրյան 139, 150, 153, Նալբանդյան 26, 29, 30, Գրիբոյեդով 2, 6, Ս. Սեւանեցի 9, 19, Սյունյաց 15, Շինարարների 5, Սայաթ-Նովա 15, 27, Խաղաղության 4, Գագարին, Թումանյան 4 շենքերում միմյանց հաջորդեցին տանիքների մասնակի վերանորոգման աշխատանքները: Սակայն ցանկացած ծրագրի կյանքի կոչման համար անհրաժեշտ է, որ բնակիչն էլ դառնա իր խնդրի տերը, առաջարկի լուծման տարբերակ եւ մասնակցի իր իսկ շենքի պահպանությանն ուղղված աշխատանքների կատարմանը»-կարևորեց Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am