1000х90.jpg (78 KB)

Մոսկվայում կտեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը

Armenpress 21:14, 11 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում քննարկվում է լեգենդար հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանի տեղադրման վայրի ընտրության հարցը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը, շանսոնյեի երաժշտական ստեղծագործությունները, հնարավոր է, շուտով հնչեն Զամոսկվորեչիեում գտնվող Մոսկվայի երաժշտության միջազգային տանը, եթե հուշարձանը տեղակայվի հաստատության բակում: 

Քաղաքի իշխանությունները դեռևս հարցում են անցկացնում բնակիչների շրջանում, թե որտեղ ավելի լավ կլինի տեղադրել Ազնավուրին նվիրված հուշարձանը:

Ինչպես պարբերականին հայտնել է ՌԴ-ում Ջավախքի սփյուռքի նախագահ Աղասի Արաբյանը, Մոսկվայի Քաղաքային դումայում հավանության է արժանացել հուշարձանը մայրաքաղաքի կենտրոնում տեղադրելու միտքը: Սակայն, հուշարձանի տեսքը որոշելու համար պետք է նախ ընտրվի համապատասխան վայրը: «Հուշարձանը պատրաստվելու է բրոնզից: Քանդակը կկառուցվի հայ համայնքի միջոցներով: Ազնավուրը ողջ մանկությունն անցկացրել է ռուսական միջավայրում, նրա ծնողները խոսել են ռուսերեն, և նա շատ էր սիրում այցելել Մոսկվա: Այդ հուշարձանը կդառնա ռուս-ֆրանսիական, ռուս-հայկական և, ընդհանրապես, բազմազգ բարեկամության խորհրդանիշ»,- նշել է Արաբյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am