ԿԸՀ-ն պարզաբանում է՝ ինչպես ստանալ ընտրատեղամասում իրականացված տեսանկարահանված նյութերից պատճենները

Armenpress 20:35, 11 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  պարզաբանում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 11.1-րդ մասի համաձայն՝ ընտրական տեղամասում իրականացված տեսանկարահանված նյութերից պատճեններ տրամադրվում են ընտրական հանձնաժողովներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին՝ պատճենահանման ինքնարժեքի վճարման պայմանով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԸՀ լրատվական ծառայությունից,  դիմումը պետք է ներկայացվի գրավոր՝ մասնագիտացված կազմակերպության անունով՝ «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվություն ընկերություն, հասցեն ք. Երևան, Սայաթ-Նովա 40/1:

Դիմում կարող է ներկայացվել մինչև Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը՝ 22.12.2018թ., իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև սահմանադրական դատարանի որոշում ընդունելը:

Նման դիմում ներկայացնելու դեպքում դիմումը պետք է ներառի այն ընտրական տեղամասի համարը, որի տեսանկարահանված նյութերից պահանջվում է պատճենը: Դիմումի հետ պետք է ներկայացվի նաև մասնագիտացված կազմակերպության կողմից սահմանված պահանջները բավարարող էլեկտրոնային կրիչ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am