Թուրքմենստանում ՀՀ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնել է Թուրքմենստանի փոխվարչապետին

Armenpress 18:59, 11 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 10-ին Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Գառնիկ Բադալյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Թուրքմենստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովին (Raşit Meredow )։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհավորելով Գառնիկ Բադալյանին Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ Ռաշիդ Մերեդովը կարևորեց երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշությունը և վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանը արգասաբեր գործունեությամբ կնպաստի և նոր շունչ կհաղորդի Հայաստանի և Թուրքմենստանի միջև ծավալված արդյունավետ փոխգործակցությանը։

Դեսպանը Թուրքմենստանի փոխվարչապետին փոխանցեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ողջույնները և հավաստիացրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի երկու բարեկամ երկրների միջև առկա ջերմ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու, ինչպես նաև Հայաստանի և Թուրքմենստանի համագործակցության օրակարգն ընդլայնելու համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ի թիվս այլ հարցերի անդրադարձան փոխգործակցության հեռանկարներին՝ առանձնապես կարևորելով էներգետիկ ծրագրերի իրականացումը, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային և գործարար կապերի խթանումը, զբոսաշրջության ոլորտում համագործակցության հետագա խորացումը:

Դեսպան Գառնիկ Բադալյանը Թուրքմենստանի ԱԳ նախարարի խնդրանքով ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները, ինչպես նաև` տեղեկություններ հայտնեց դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ արտահերթ ընտությունների նախնական արդյունքների մասին:

Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանեց Թուրքմենստանի պետական հեռուստատեսության թղթակցի հարցերին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am