Երկար տարիների փորձ ունեցող և խորհրդարան չանցած ուժերին վերակազմավորում է անհրաժեշտ գոյությունը պահելու համար. Նարեկ Գալստյան


ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթած «Իմ քայլը» դաշինքը պետք է հետևողական աշխատանք տանի տարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Նարեկ Գալստյանը: Նրա խոսքով՝ իշխող ուժը նաև զգուշորեն պետք է վերաբերվի վաստակած հետհեղափոխական ոգևորությանը, քանի որ «Իմ քայլին» դեմ արմատական տրամադրված ուժերը հեշտությամբ կարող են իրենցով անել ընտրողների ձայները:

-Պարոն Գալստյան, ի՞նչ առանձնահատկություններով այս քարոզարշավն աչքի ընկավ և արդյո՞ք արդյունքները կանխատեսելի էին:

-Այս քարոզարշավի առանձնահատկությունը կոշտ մրցակցությունն էր որոշ ուժերի միջև, հատկապես «Իմ քայլը» դաշինքի և Հանրապետական կուսակցության միջև: Երկրորդ առանձնահատկությունը մյուս ուժերի շատ մեղմ վերաբերմունքն էր «Իմ քայլը» դաշինքի նկատմամբ, և որոնք ընդունում էին այդ ուժի գերակայությունը: Քարոզարշավի արդյունավետության տեսանկյունից, ասեմ, քանի որ ուժերը շատ լավ կանխատեսում էին արդյունքը, հետևաբար, ըստ էության, շատ ջանքեր չէին գործադրում առաջին տեղի համար, ինչը շատ տարօրինակ էր. սովորաբար, կուսակցությունները մրցապայքարում այնպես են քարոզարշավն առաջ տանում, որ իրենք լինեն առաջինը: Հաջորդ առանձնահատկությունը հետհեղափոխական ոգևորվածության ֆոնն էր, որը սկսել էր ապրիլից, աճելով, նվազելով, հասավ դեկտեմբեր: Դրանով էր, թերևս, պայմանավորված ընտրությունների արագ անցկացումը:

Ինչ վերաբերում է արդյունքների կանխատեսելիությանը, ապա առաջին տեղի դեպքում, այո, կանխատեսելի էր, երկրորդ տեղի դեպքում՝ նույնպես նախանշվում էր: Հիմնական քննարկման հարցն այն էր, թե ո՞վ կլինի 3-րդ տեղում, կամ կլինի՞ արդյոք խորհրդարանում 4-րդ ուժ: Տեսանք, որ 3 քաղաքական ուժ հայտնվեց խորհրդարանում:

-Որակական առումով ինչպիսի՞ խորհրդարան ունենք:

-Որակական ցուցանիշների մասին խոսելը դեռ վաղ է, դրանք կերևան շուտով: Պետք է նախ սպասել պաշտոնական արդյունքների հրապարակմանը, ապա, ինչն ամենակարևորն է, կառավարության ձևավորմանը: Մենք գիտենք, որ  «Իմ քայլը» դաշինքի ցուցակից բավական մեծ թվով մարդիկ կտեղափոխվեն գործադիր ոլորտ: Հնարավոր է, մյուս երկու ուժերի ցանկից էլ ինքնաբացարկ հայտարարեն: Հետևաբար` այս մասին որակի մասին խոսելը ճիշտ չէ:  

Ինչպիսին կլինի խորհրդարանը, բարդ է կանխատեսելը: Եթե համեմատենք նախորդ խորհրդարանի հետ, ապա ձևի առումով նույնն է, առանձնապես բան չի փոխվել: Բայց ձևը ձև, իհարկե, կարևորը բովանդակությունն է: Ինչպե՞ս կհարաբերվեն ուժերը միմյանց հետ ոչ միայն խորհրդարանում, այլև ընդհանուր քաղաքական համակարգում. սրանք հարցեր են, որոնց պատասխանները դեռ չկան: Հույս ունենանք, որ և՛ գործադիրը, և՛ խորհրդարանը պրոֆեսիոնալիզմով հատուկ աչքի կընկնի:

-Ընտրություններին «Իմ քայլը» ստացավ 70 տոկոս ձայն, և միանձնյա է ստանձնում կառավարման պատասխանատվությունը: Ըստ ձեզ՝ այս քաղաքական ուժի առաջիկա անելիքը ո՞րը պետք է լինի:

-Նիկոլ Փաշինյանը, վարչապետի ամենահավանական թեկնածուն, արդեն հայտարարել է այն հիմնական կետերը, որոնց շուրջ պետք է աշխատեն: Դա նախկինում ասված, բայց չիրականացված խոստումներն են՝ կապված Ընտրական օրենսգրքի, հարկային օրենսդրության փոփոխությունների, տնտեսական հեղափոխություն իրականացնելու, մոնոպոլիաների վերացման հետ և այլն: Ուշադրությունը կենտրոնացնելու են երկրի ներքին սոցիալ-տնտեսական խնդիրների վրա: Դա իրենց համար շատ կարևոր է, որովհետև այն հետհեղափոխական ոգևորությունը, որ նրանք վաստակել են, դրանց հետ պետք է զգուշորեն վարվեն, քանի որ «Իմ քայլին» դեմ արմատական տրամադրված ուժերը հեշտությամբ կարող են իրենցով անել ձայները:

-Արտախորհրդարանական ուժերի գործողություններից ի՞նչ սպասենք, հատկապես, այն երկար տարիների փորձ ունեցող կուսակցություններից, որոնք  չհաղթահարեցին անցողիկ շեմը: 

-Կգնա ներկուսակցական վերակազմավորում, բավական լուրջ փոփոխություններ կլինեն կադրային տեսանկյունից, ղեկավար կազմերը կփոխվեն, ռազմավարությունների փոփոխություն կլինի, ինչն անհրաժեշտ է, որպեսզի պահեն իրենց գոյությունը: Եվ որպեսզի այդ համակարգում իրենց ազդեցությունը մեծացնեն, պետք է նոր մարտավարություն ընտրեն արդեն քաղաքական համակարգի պայմաններում: Այդ քաղաքական ուժերը միաժամանակ փաստեր կհավաքեն իշխանության բացթողումների վերաբերյալ՝ հետագայում օգտագործելու համար:

Աննա Գզիրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am