1000х90.jpg (78 KB)

Էդմոն Մարուքյանը ռեֆորմիստական բնույթի աշխատանք է կանխատեսում ձևավորվող խորհրդարանի  համար

Armenpress 17:13, 10 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովը ռեֆորմիստական խորհրդարան է լինելու: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը փորձելու է առաջ մղել իր օրակարգն ու դիմակայել այն ռեֆորմներին, որոնք, իրենց  կարծիքով, վտանգավոր են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով՝ կուսակցության կայացրած բոլոր որոշումները եղել են կոլեգիալ քննարկման արդյունք՝ սկզբունքային, արմատական ձևավորված կարծիքով: «Ես հպարտանում եմ այն թիմով, որով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել  և շարունակում է շարժվել առաջ, և այդ թիմը որևէ ֆունդամենտալ սխալ որոշում չի կայացրել մինչ օրս»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ իրենք ունեն իրենց մոտեցումները ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի փոփոխության, կառավարության կառուցվածքի հետ կապված և դրանք պետք է ներկայացվեն հերթականությամբ: «Մենք կարծում ենք, որ եթե մեր տեսլականի շրջանակներում վերափոխվի խորհրդարանական համակարգը, մեր լծակները կմեծանան»,- հավելեց նա

Էդմոն Մարությանը տեղեկացրեց, որ վաղը մեկնելու է Փարիզ՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի նիստին և, որպես «Ելք» խմբակցության ներկայացուցիչ, պաշտպանելու է այն սկզբունքներն ու մոտեցումները, որոնք ամրագրվել են հեղափոխությունից հետո: «Սա կլինի իմ վերջին առաքելությունը՝ կապված «Ելք» դաշինքի հետ, որը ես հպարտորեն մինչև վերջ իրականացրել եմ»,- նշեց նա:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով, ստացել է 6,37 տոկոս կամ 80049 ձայն և կմասնակցի 7-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքներին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am