ԱԺ արտահերթ ընտրությունները անցել են ազատ պայմաններում. ԵԱՀԿ դիտորդական խումբ

Armenpress 15:46, 10 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել ազատ պայմաններում և կրել են ժողովրդի լայն վստահությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԱՀԿ դիտորդական խմբի հատուկ համակարգող Պետր Օսուսկին՝ ներկայացնելով իրենց դիտորդական խմբի եզրակացությունը Ազգային ժողովի ընտրություններում:

«Հայաստանում գործել են բաց քաղաքական բանավեճերը ներառյալ ԶԼՄ-ների մասնակցությամբ և առցանց: Խախտումների ընդհանուր բացակայությունը, այդ թվում ՝ քվեների առք ու վաճառքի և ճնշումների բացակայությունը, հնարավորություն են տվել իրականացնել իրական մրցակցություն: Մեր բոլոր դիտորդները նշել են, որ ընտրական օրենսգրքի բոլոր ընթացակարգերը պաշտպանված էին : Մարդկանց շատ-շատերը նշել են, որ ընտրությունները և քարոզարշավի ընթացքը եղել են բաց և պարզ, ինչպես նաև կայացել են բովանդակային բանավեճեր: Դիտորդները նաև նշել էին, որ կցանկանային լիդերների բանավեճեր լինեին նաև իրենց երկրներում»,-ընդգծեց ԵԱՀԿ դիտորդական խմբի համակարգողը:

Նրա խոսքով՝ որոշակի մտահոգություն և անհանգստություն է առաջացրել ընտրությունների ֆինանսավորման կարգը, որը ստեղծել է որոշ անհավասար պայմաններ:

Օսուսկին հավելեց, որ մրցակիցները հնարավորություն են ունեցել իրականացնել իրենց քարոզարշավները, և բոլոր քաղաքական ուժերի համար ստեղծվել էին հավասար պայմաններ հավաքների  ազատ անցկացման համար:

«Այսօրվա Հայաստանի իշխանությունն արտահայտել է իր քաղաքական կամքը ընտրությունները անցկացնել արդար և հավասար պայմաններում, ինչպես նաև այդ իշխանությունը չի խրախուսել քվեների առք ու վաճառքը: Բայց ամեն դեպքում որոշակի փոփոխություններ են անհրաժեշտ, և այդ առումով մեր կազմակերպությունը հանձնարարականներ և առաջարկներ է ներկայացրել,, որոնք  մենք կցանկանային, որ իրականացվեր»,- ասաց Օսուսկին:

Նրա կարծիքով՝ այս ընտրությունները Հայաստանին բերել են դրական էներգիա:

«Ժողովրդավարությունը չի կարող առաջ գնալ առանց լայն հանրության վստահության և հաճելի է նշել, որ ընտրությունների ժամանակ կար այդ վստահությունը և դա էր այս ընտրությունների հիմնական բնութագիրը»,- եզրափակեց Օսուսկին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am