Այս ընտրությունը հաղթանակ է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների այլ համայն հայության համար. ՍԴՀԿ-ն ուղերձ է հղել

Armenpress 14:53, 10 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալ Դեմոկրատ ՀՆչակյան կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կուսակցության մամուլի ծառայությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Սոցիալ Դեմոկրատ ՀՆչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ արդար, ազատ ու թափանցիկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:

Անկախ արդյունքներից, այս ընտրությունը հաղթանակ է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների այլ համայն հայության համար: Տասնյակ տարիներ բռնությամբ, խարդախությամբ ու ընտրակեղծիքների միջոցով Հայաստանի քաղաքացուց խլված քվեի իրավունքը այսօր վերականգնվեց և քաղաքացին կրկին հնարավորություն ունեցավ իր ազատ կամքով քվեարկելու իր նախասիրած թեկնածուի օգտին,  վերաիմաստավորելով յուրաքանչյուր քվեն։ Իսկ սա անտարակույս Թավշյա հեղափոխության մեծագույն նվաճումներից մեկն է:

Հուսով ենք, որ այս ընտրություններով սկիզբը կդրվի քաղաքական նոր մշակույթի, հիմնված ժողովրդավարական ակզբունքների վրա, ուր գերիշխողը կլինի ոչ թե սեփական կամ խմբային նեղ շահը այլ գաղափարական ու ծրագրային պայքարը:

Շնորհավորում ենք նաև ընտրություններում հաղթանակած կուսակցություններին, և մաղթում, որ նորընտիր Ազգային ժողովն ու ապագա կառավարությունը անմիջապես կլծվեն հայրենիքի առաջ ծառացած բազում մարտահրավերների հաղթահարման գործին, հանուն ժողովրդավար, սոցիալապես արդար ու բարգավաճ Հայաստանի»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am