ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում գրանցվել է քվեարկության տեխնիկական սարքավորումների հետ կապված 80 միջադեպ

Armenpress 00:17, 10 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության ընթացքում տեխնիկական սարքավորումների հետ կապված 80 դեպք է գրանցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսում ասաց ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը:

«1998 տեղամասերում գործարկվել է 4000 տեխնիկական սարքավորում: Չենք ունեցել որևէ տեղամաս, որ ընտրողների գրանցումը դրանցով չիրականացվի: Ցավոք, գրանցվել են մի շարք քվեարկության խնդիրներ, մասնավորապես կապված կրկնակի քվեարկության դեպքերի փորձերի հետ: Դրանց գերակշիռ մասի պատճառը հանդիսացել է ընտրողների անտեղյակությունն ու սարքը սպասարկող մասնագետների սխալը: Այդպիսի դեպքերի թիվը մոտ 80-ի է հասնում»,- ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ ձեռք է բերվել 361 նոր տեխնիկական սարքավորում, որոնք գործարկվել են Երևան քաղաքում: Առաջացած խնդիրների մեծ մասը կապված է եղել նոր սարքավորումների հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am