ՀՀ քննչական կոմիտեն, 22:30-ի դրությամբ, ստացել է առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ 49 հաղորդում

Armenpress 23:00, 9 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում, ժամը 22:30-ի դրությամբ, ստացվել է 49 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։

«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ստացված հաղորդումներից 9-ն ստացվել է Երևանում, 5-ը՝ Սյունիքի, 9-ը՝ Շիրակի, 4-ը՝ Արագածոտնի, 7-ը՝ Արարատի, 8-ը՝ Գեղարքունիքի, 2-ը՝ Արմավիրի, 1-ական՝ Վայոց ձորի, Տավուշի և Լոռու մարզերում: Եվս 2 նյութ, կրկնակի քվեարկության փորձ կատարելու վերաբերյալ, ստացվել է Զինվորական քննչական գլխավոր վարչությունում:

Առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 45-ը վերաբերում է կրկնակի քվեարկության փորձին, 3-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն:

ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

Քննչական կոմիտեն արդյունքների մասին կտեղեկացնի լրացուցիչ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am